Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները բաց նամակ են հղել Շվեյցարիայի Արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի նախագահ Սիմոնետա Սոմարուգային' հորդորելով բողոքարկել «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավճիռը: Գիտնականներն ընդգծում են. «Դատավճիռը կայացվել է պատմական ու հայեցակարգային սխալներով»: Ինչպես հաղորդում է Armenian Weekly անգլալեզու շաբաթերթը, ցեղասպանագետները հավաստում են, որ այդ սխալները բարոյական և սոցիալական լուրջ նշանակություն ունեն:
«Հարցը չենք դիտարկում խոսքի ազատության տեսակետից, որը, գիտնականների միասնական կարծիքով, բաց, ժողովրդավարական հասարակության կարևոր մասն է: Մեզ մտահոգում են դատարանի բերած փաստարկների տարրերը, որոնք հակասում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմական փաստերին և ժխտողակա նության բարոյական ընկալմանը»,- ասվում է նամակում:
ՄԻԵԴ-ը կասկածի տակ էր առել, որ 1915-ի իրադարձությունների վերաբերյալ կարող է ընդհանուր համաձայնություն լինել և Հայոց ցեղասպանության շուրջ ընթացող քաղաքական իրավիճակը անվանել «թեժ բանավեճ»: Նամակի հեղինակները հակադարձում են, որ ցեղասպանագետների գերակշռող հատվածը հանգել է եզրակացության' Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները համընկնում են ցեղասպանությունը սահմանող ՄԱԿ-ի փաստաթղթի թիվ2 հոդվածի բոլոր դրույթների հետ: Որպես ապացույց' նրանք վկայակոչում են 1997-ին Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցի ացիայի ( IAGS) ընդունած բանաձևը, Արդարադատության հարցերի միջազգային կենտրոնի (ICTJ) 2003 թվականի վերլուծությունը և այլ փաստաթղթեր, ուր 1915 թվականի հայերի կոտորածները միաձայն ճանաչվել են որպես ցեղասպանություն:
Նամակը ստորագրել են Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի մասնագետներ Թաներ Աքչամը, Մարգարետ Լավինիան, Ջոյս Ափսելը, Յաիր Աուրոնը, Պիտեր Բալաքյանը, Աննեթ Բեքերը, Մատիաս Բյորնլունդը, Դոնալդ Բլոքսհեմը, Համիդ Բոզարսլանը, Քեթի Քարուն, Ֆրանկ Չալկը, Իսրայել Չարնին, Դեբորա Դվորկը, Էլեն Ֆեյնը, Մարչելո Ֆլորեսը, Դոննա Լի Ֆրեյզեն, Վոլֆգանգ Գուստը, Հերբերտ Գիրշը, Մարիաննա Գիրշը, Թեսա Հոֆմանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռայմոնդ Կևորկյանը, Հանս-Լուկաս Կայզերը, Մարկ Լեվենը, Ռոբերտ Ջեյ Լիֆթոնը, Դեբորա Լիփստադը, Վենդի ԼոուերÕ ¨, Ռոբերտ Մելսոնը, Դոնալդ Միլլերը, Ա. Դիրք Մոզեսը, Ջեյմս Ռասսելը, Ռոջեր Սմիթը, Լեո Սպիցերը, Գրեգորի Սթենթոնը, Իվ Թերնոնը, Անրի Թերիլոն, Էրիկ Վեյցը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ, Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետև ազատազրկման որոշումը դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրոդատարանը Դողուի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: