Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Վարդան Մինասյանի գանգատն ու Հայաստանին ճանաչել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտող: Որպես փոխհատուցում սահմանել է 6 հազար եվրո: Հետաքրքիրն այս գործում այն է, որ ՄԻԵԴ-ը կարծես անտեսել է Վճռաբեկ դատարանի 2008 և 2009 թվականներին հրապարակված երկու որոշումներ, որոնցում, փաստացի, դեռևս 5 տարի առաջ Հայաստանի բարձրագույն դատական ատյանն ասել էր այն, ինչ նշում է ՄԻԵԴ-ն իր որոշմամբ: Վճռաբեկը Մինասյանի կալանքը համարել էր անօրինական և օրենքի բացի հարցը կարգավորել միասնական պրակտիկայով: Այս մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանի հետ:
-Մինասյանի, Պողոսյանի, Փիրուզյանի, Մալխասյանի, Սեֆիլյանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին երեք տարիների ընթացքում ընդդեմ Հայաստանի վճիռներ է կայացրել և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է արձանագրել' փաստելով, որ նշված անձինք պահվել են կալանքի տակ առանց դատարանի որոշման: Կարծում եմ, այստեղ համակարգային խնդիր կա և ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
- Իրոք, Ձեր կողմից նշված վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույն հարցին է անդրադարձել և նույն հիմքով մի քանի անգամ խախտում է արձանագրել: Իրավացի եք նաև այն առումով, որ այստեղ համակարգային, օրենսդրական խնդիր ունենք: Բանն այն է, որ գործող քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ նախաքննության ավարտից և գործը դատարան ուղարկելուց հետո անձին կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է, և անձը, փաստորեն, առանց դատարանի որոշման կարող է պահվել կալանքի տակ: Մեր օրենքում առկա այս կարգավորումը հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին և դրա վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
-Իրավաբան չլինելով' ես չհասկացա, թե ինչու փաստաբանները, պաշտպանները կամ որևէ այլ պետական մարմին, պետք է օրենքի և կոնվենցիայի հակասության հարցը բարձրացնեին ՀՀ վճռաբեկ դատարանում: Դատարանն ինքը չէ՞ր կարող անդրադառնալ այս խնդրին և լուծել:
-Գործող քրեադատավարական օրենսդրության համաձայն, բարձրագույն դատական ատյանը' ՀՀ վճռաբեկ դատարանը, գործը վերանայում է բացառապես բողոքի առկայության դեպքում և բողոքի շրջանակներում: Ասվածը նշանակում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր նախաձեռնությամբ չի կարող անդրադառնալ որևէ հարցի' անկախ դրա կարևորությունից և հրատապությունից:
-Մինասյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականի ապրիլի 8-ին ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել: Ես գիտեմ, որ նույն գործով 2009 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես որոշում է կայացրել: Խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչպես կարող է նման իրավիճակ առաջանալ, երբ նույն գործով երկրի բարձրագույն դատական ատյանի կողմից որոշում կայացվելու պայմաններում անձը դիմում է Եվրոպական դատարան և, փաստորեն, շահում է գործը: Սա նույնպե՞ս համակարգային խնդիր առկայության հետևանք է:
-Իրավացի եք, Մինասյանի գործով որոշումը ժամանակին չլուծված համակարգային խնդրի առկայության արդյունք է: Ինչպես նշեցի, մինչև 2009 թվականի ապրիլի 10-ը, այսինքն' մինչև Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա անձն անժամկետ կարող էր պահվել կալանքի տակ: 2009 թվականի ապրիլի 10-ին կայացված որոշմամբ' ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ մեղադրողի կողմից գործը դատարան ուղարկված լինելու հիմքով անձին կալանքի տակ պահելու ժամկետի կասեցումն անձի ազատության իրավ ունքի անօրինական սահմանափակում է: Նման եզրահանգման հիմքը «Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռում արտահայտված դիրքորոշումներն էին: Արդյունքում, Վճռաբեկ դատարանը գտավ, որ այն դեպքում, երբ կալանքի երկամսյա ժամկետի ավարտին մնացել է 15 օրից քիչ ժամանակ, այսինքն' քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի կայացման ժամկետից պակաս ժամանակ, նախաքննական մարմինը գործը դատարան ուղարկելու հետ միաժամանակ պետք է լու ծի նաև անձի կալանքի հարցը, այն է' պետք է անձին ազատ արձակի, եթե վերացել են նրան կալանքի տակ պահելու հիմքերը, կամ դատարանին միջնորդություն ներկայացնի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հիմքերը:
Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի որոշման կայացումից հետո, այսինքն' արդեն չորս տարի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պրակտիկան փոփոխվել է և նախքան գործը դատարան ուղարկելը մինչդատական վարույթն իրականացնող մարմինը լուծում է մեղադրյալի կալանքի հարցը: Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ եթե ժամանակին չկայացվեր Վարդան Մինասյանի գործովորոշումը, և դրանում արտահայտված իրավական դիրքորոշումների ուժով մինչդատական վարույթն իրականացնող մարմինը պարտավորված չլիներ մ ինչև գործը դատարան ուղարկելը լուծել անձի կալանքի հարցը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հիմքով ընդդեմ Հայաստանի կայացված վճիռներն անհամեմատ շատ կլինեին: Վարդան Մինասյանի գործով որոշումը շատ լավ օրինակ է հասկանալու, թե ինչպես է կիրառվում նախադեպը և ինչ նշանակություն ունի այն:
Տվյալ դեպքում Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, ներպետական մակարդակում ապահովելով անձի ազատության իրավունքի իրացման պատշաճ երաշխիքներ' դարձավ անձի իրավունքի պաշտպանության ներպետական միջոց: Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կանխարգելեց բազմաթիվ գործերով Հայաստանի Հանրապետության կողմից համանման խախտումներ թույլ տալու և, հետևաբար, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այդ խախտումների հիմքով վճիռների կայացումը:
-Չորս տարի է փոխվել է պրակտիկան, իսկ օրե՞նքը:
-Օրենքը' ոչ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասը նույն խմբաբգրությամբ դեռևս առկա է: Ցավոք, օրենսդիր մարմինը հետևողական չէ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներին: Ի տարբերություն ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների, որոնց հիման վրա փոփոխություններ են կատարվում օրենքում, ՀՀ վճռաբկ դատարանի որոշումներում արձանագրված կոնվենցիոն խնդիրները համապատասխան օրենսդրական փոփոխությունների չեն հանգեցնում: Արդյունքում ստացվում է, որ պրակտիկան փոփոխվում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների և ոչ թե օրենքի փոփոխության արդյունքում:
-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չգիտե՞ր Վարդան Մինասյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման մասին:
-Իհարկե գիտեր, անգամ Վարդան Մինասյանի գործով որոշումից մեջբերումներ են արված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի' «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ: Խնդիրը նրանում է, որ Եվրոպական դատարանը խախտում է արձանագրել մինչև Մինասյանի գործով որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում գործող օրենքի կապակցությամբ:
-Որոշման մասին իմանալու պարագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չպե՞տք է արդյոք հաշվի առներ այն: Մասնավորապես, ընդդեմ Հայաստանի վճիռկայացնելիս չպե՞տք է հաշվի առներ, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոն վենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտում արձանագրելու հիմք հանդիսացած օրենսդրական կարգավորումը փաստորեն չի գործում:
-Կարծում եմ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող էր հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի պրակտիկան փոխվել է: Մասնավորապես, երկրի բարձրագույն դատական ատյանի որոշմամբ արդեն չորս տարի է, չի կիրառվում այն օրենքը, որը Վարդան Մինասյանի գործով վճռում անձի իրավունքի խախտման հիմք է հանդիսացել:
-Փաստորեն, Վարդան Մինասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և իր իրավունքների խախտումը ճանաչվելու արդյունքում փոխհատուցում է ստացել այն պատճառով, որ ներպետական օրենսդրության հիման վրա նման հնարավորություն չուներ: Ներպետական մակարդակում ընդամենը արձանագրվել է կիրառված օրենքի հակասությունը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասին ևկոնկրետ Վարդան Մինասյանի իրավունքների վերականգնման համար որևէ երաշխիք չի ՞ապահովվել:
-Մինչև այսօր մեր երկրի օրենսդրությունը չի նախատեսում ոչ նյութական, այդ թվում' ապօրինի կալանավորման համար փոխհատուցում ստանալու անձի իրավունքը:
-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փաստորեն միայն 7 օրվա՞ համար է խախտում արձանագրել: Եթե ես չեմ սխալվում, Վարդան Մինասյանը կալանքի տակ պահվել է ավելի քան մեկ տարի:
-Իսկապես, Մինասյանը 1 տարի 4 ամիս 16 օր պահվել է կալանքի տակ, և այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խախտում չի արձանագրել: Եվրոպական դատարանը գտել է, որ կալանավորման վերաբերյալ ներպետական դատարանների որոշումները հիմնավորված են, մասնավորապես ներպետական դատարանները պատշաճ հիմնավորել են Վարդան Մինասյանին կալանքի տակ պահելը և հրաժարվել են նրան ազատ արձակել' հաշվի առնելով հետևյալ չորս հանգամանքները, այն է'
ա) առկա է լուրջ կասկած, որ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքը
բ) մեղսագրվող արարքը ծանր հանցանք է
գ) անձը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ ազդեցություն ունենալ վարույթի վրա: Նման հետևության հանգելու հիմք է հանդիսացել ենթադրյալ հանցանքի համար պատասխանատվություն սահմանող հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի խստությունը:
դ) առկա է անձի կողմից նոր հանցանք կատարելու վտանգ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս դիրքոորշումը շատ կարևոր է: Կարծում եմ, որ այս գործով Եվրոպական դատարանի ձևավորած դիրքորոշումները մեծապես կնպաստեն կալանքի վերաբերյալ դատարանների պրակտիկան «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելու գործում: