Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով առկա է փորձագետների եզրակացություն:Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Նրա խոսքով՝ երեկ առկա է եղել փորձագետների եզրակացությունը, սակայն քննիչը դրան չի ծանոթացրել իրենց, ինչը պարտավոր էր անել: Ավելին, նրանք նաեւ գրավոր միջնորդություն են ներկայացրել, որպեսզի քննիչը տրամադրի օրենքով նախատեսված փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների եզրակացությունը, սակայն մինչ օրս այն չի տվել:

 

Առկա է նաեւ փաստաբանի՝ ձերբակալման որոշման մասին ներկայացրած բողոքի պատասխանը, որը դեռեւս իրեն չի հասել: Երեկ երեկոյան, ժամը 18.30-ին, զանգահարել եւ հայտնել են, որ որոշումը առկա է, սակայն փաստաբանը արդեն հասել էր Երեւան, նորից չէր կարող վերադառնալ Եղվարդ եւ վերցնել այն: Այսօր պետք է որոշվի Վարդան Պետրոսյանի ճակատագիրը, մասնավորապես՝ նրան մեղադրանք են առաջադրում եւ կալանավորում, թե...: Սակայն մինչ այս պահը քննիչին որեւէ ծանուցագիր չեն փոխանցել, որում կհայտնեն, որ այսինչ ժամին լինելու է նման գործողություն եւ այլն:

 

Այսօր քննիչին բացարկ են ներկայացնելու եւ այն հանձնելու են համայնքի դատախազին՝ ֆիքսելով բոլոր խախտումները:

 

«Անիմաստ է դարձել իր հետ աշխատել, անկազմակերպ քննություն է, տպավորություն է, թե չեն կարողանում քննություն իրականացրել»,- ասել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ երեկ քննիչը հեռացել էր՝ անավարտ թողնելով հարցաքննությունը, նախադասությունը կիսատ է մնացել, ինչի ապացույցը այն է, որ չկա արձանագրություն, այն չի տվել Վարդան Պետրոսյանին, որ ստորագրի:

 

Ինչ վերաբերում է վթարին՝  Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ մյուս կողմը լրատվամիջոցներում հակասական բաներ է պատմում: Մասնավորապես, տուժողներից մեկի ընկերուհին պատմել էր, թե իրենք մոտեցել էին խաչմերուկին,սպասում էին՝ մեքենան գա անցնի, իրենք մտնեն: Նիկոլայ Բաղդասարյանը նշել է, որ այդ տարածքում չի կարող նման բան լինել, քանի որ ճանապարհը միակողմանի է:

 

Մյուս վարկածը, թե հետեւի ապակուց տեսել են, որ Վարդանի մեքենան արագ է մոտենում, փաստաբանը եւս անհավանական է համարել, քանի որ այդ հատվածում ճանապարհը թեթեւակի կորություն ունի եւ ֆիզիոլոգիապես հնարավոր է գնահատել հետեւից եկող մեքենայի արագությունը, եւ կանգնել, որ նա անցնի: Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ լուրեր են շրջանառվում,թե իրենց մեքենան փչացած է եղել եւ կանգնած է եղել ճանապարհից դուրս, իսկ վթարը եղել է ճանապարհի բանուկ մասում:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: