Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն իր մտահոգությունն է արտահայտել 2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)' Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիեր Բուրխալտերին' հանուն Հայ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ընդվզում հայտնելով ՄԻԵԴ վնասակար որոշման դեմ, որը սպառնալիք է ցեղասպանությունների պարագային արդարության վերականգնման և ազգերի միջև խաղաղության ու փոխադարձ հարգանքի հաստատման համար:
Զորակցություն հայտնելով այս հարցում համընդհանուր ընդվզմանը' Վեհափառ Հայրապետը Շվեյցարիայի կառավարությանը, մասնավորապես, Արդարադատության նախարարությանը, հորդորել է բողոքարկել այս որոշումը: Ամենայն Հայոց Հայրապետը կոչ է արել բարի կամքի տեր մարդկանց և պետություններին' այս առնչությամբ իրենց կեցվածքն արտահայտելու Ցեղասպանության մերժողականության դեմ' հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման:
Այս կապակցությամբ Նորին Սրբությունը պաշտոնական գրություն է հղել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Վեր. դոկտոր Օլավ Թվայթին' հորդորելով Խորհրդի անդամ Եկեղեցիներին իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ աղետաբեր այս վճռի' ի պաշտպանություն Շվեյցարիայի, ինչպես նաև Կաթոլիկ Եկեղեցու Շվեյցարիայի եպիսկոպոսների ժողովի նախագահ Մոնսինյոր Մարկուս Բյուխելին: