Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Կիպրոսի Հանրապետության և խորհրդարանի նախագահներին և շնորհակալություն հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կաթողիկոսը խորհրդարանի որոշումն անվանել է պատմական: «Մեծ ուրախությամբ իմացանք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Կիպրոսի խորհրդարանը միաձայն պատմական որոշում ընդունեց, համաձայն որի Հայոց ցեղասպանության ժխտումը համարվում է քրեական հանցանք:

 

 

Մենք երբեք չենք մոռանա, որ 1975թ. Կիպրոսի խորհրդարանը' աշխարհում երկրորդը, պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս ուրախ առիթով մեր ժողովրդի անունից խորը շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնում Կիպրոսի խորհրդարանին այս պատմական որոշման համար:

 

 

Այս քաջ որոշումն արդարության և մարդու իրավունքի նկատմամբ Կիպրոսի հանրապետության զորեղ հանձնառության շոշափելի արտահայտություն է: Հույն և հայ ազգերի գործակցությունը խորապես արմատացած է պատմության մեջ: Մեծապես կենսական է, որ ներկա ժամանակաշրջանում, երբ մարդկային իրավունքները տևականորեն խախտվում են, մենք շարունակենք մեր գործակցությունը վերանորոգ ճիգով' հանուն արդարության և մարդկային արժանապատվության:

 

 

Բարձրյալին կաղոթենք, որ Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանի նոր ժամանակների չարիքներից և նրան առաջնորդի դեպի առավել առաջադիմություն և բարգավաճում»,- ասված է նամակում:

 

 

Ապրիլի 2-ին Կիպրոսի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Համաձայն օրինագծի ցեղասպանությունները, մարդկության դեմ ու պատերազմական ժամանակաշրջանում հանցագործությունները ժխտողները կազատազրկվեն 5 տարի ժամկետով և կվճարեն 10.000 եվրո տուգանք: