1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց Ջորջ Քլունիի կինը' Ամալ Քլունին կլինի թուրք քաղաքական գործչի կողմից Ցեղասպանության ժխտման գործում Հայաստանը ներկայացնող իրավական խմբի անդամներից մեկը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լոնդոնի փաստաբանական պալատից բրիտանական The Telegraph պարբերականին հաստատել են Ամալ Քլունիի և պալատի ղեկավար Ջեոֆրի Ռոբերտսոնի մասնակցությունը ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործի քննությանը, ինչից հետո պարբերականը հոդված է հրապարակել' անդրադառնալով դատական գործին և դրանում տիկին Քլունիի ներգրավմանը:

 

Պարբերականը համառոտ ներկայացրել է Թուրքիայի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի գործի մանրամասները' արձանագրելով, որ ՄԻԵԴ-ում առաջին դատական լսումները տեղի կունենան հունվարի 28-ին, որտեղ տիկին Քլունին աշխատելու է Ջեոֆրի Ռոբերտսոնի գլխավորությամբ: The Telegraph-ը նշել է, որ վերջերս Ռոբերտսոնը հրապարակել էր գիրք «Խնդրահարույց ցեղասպանություն. Ո՞վ է հիմա հայերին հիշում» խորագրով, որտեղ հեղինակն ապացուցում էր, որ 1915 թվականի սարսափելի դեպքերը չի կարելի որակել այլ կերպ, քան ցեղասպանություն:

 

«Ողջ աշխարհի հայերը կհիշատակեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ապրիլի 24-ին, երբ թուրքերը սկսեցին հավաքել և սպանել հայերին: Տասնյակ հազարավոր աշխատունակ տղամարդիկ սպանվեցին, իսկ կանայք, երեխաներն ու տարեցները բռնի արտաքսվեցին Թուրքիայից դեպի սիրիական անապատ: New York Times-ի' վերջերս հրապարակած հոդվածում կոտորածը ներկայացվեց որպես «ողջ հայ ազգը ոչնչացնելու ծրագիր»: Թուրքիան շարունակում է հերքել ցեղասպանության փաստը, սակայն այն ճանաչված է ողջ աշխարհում ավելի քան 20 պետության կողմից»,- նշել է The Telegraph-ը:

 

Նա մեկ անգամ ևս հիշեցրել է Օքսֆորդի համալսարանն ավարտած Ամալ Քլունիի մասնագիտական որակների մասին' հիշատակելով նաև «Վիկիլիքս»-ի հիմնադիր Ժուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատական գործերին նրա մասնակցությունը: