Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Արմեն Աշոտյանի անունից ներկայացրել եմ դիմում՝ կալանավորման ապօրինության վերաբերյալ: Միաժամանակ ՄԻԵԴ-ին խնդրել եմ բացառության կարգով կիրառել միջանկյալ միջոց, և պարտավորեցնել Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ա. Աշոտյանին:
Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա. Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն, ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով: Միջանկյալ միջոց ՄԻԵԴ-ը, որպես կանոն, կիրառում է արտահանձնման գործերով, երբ անձին սպառնում է մահապատիժ կամ խոշտանգում հանձնվող երկրում:
Սակայն, դա դատարանի ընդհանուր պրակտիկան է, այդ իրավունքը չի սահմանափակվում ըստ գործի տեսակի, դրանից առկա են բացառություններ:
Չգիտեմ՝ որքանով է տեղին այս օրինակը, բայց Ալեքսեյ Նավալնիի դեպքում ՄԻԵԴ-ը բացառություն արեց ընդհանուր պրակտիկայից և Ռուսաստանից պահանջեց այդ անձին անհապաղ ազատ արձակել: Ա. Աշոտյանի դեպքում ևս առկա է հիմք՝ բացառություն անելու համար: Արմենը քաղաքական բանտարկյալ է, քրեական գործը և մեղադրանքը զավեշտալի են, էությամբ կատարյալ խայտառակություն են և ծաղր իրավաբանության հանդեպ: Միջանկյալ միջոցի հարցում մեծ հույսեր չեմ կապում ՄԻԵԴ-ի հետ, որը, ցավոք, զուրկ չէ կրկնակի կամ եռակի ստանդարտների մոտեցումներից, սակայն գտնում եմ, որ նման քայլերի դիմելը պարտադիր է, առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար»: