«Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ քիչ առաջ ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀԿ-ի, «Դաշնակցություն» կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի մի շարք թեկնածուների ինքնաբացարկի, այսինքն՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումները:
Խ. Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում, որ ԿԸՀ-ում իր անունից ինքնաբացարկի դիմում է գնացել: Հիշեցնենք նաև, որ Խ. Մանուկյանն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ դուրս եկավ ՀՀԿ-ից և միացավ այդ դաշինքին՝ ասելով, թե կուսակցության նախընտրական ցուցակում իր համար տեղ չկար: Իսկ ընտրություններին դաշինքի կազմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց Արագածոտնի մարզն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում և հաղթեց: Ընդ որում, Խ. Մանուկյանն այդ ընտրատարածքում դաշինքի առաջադրած 7 թեկնածուներից ամենաշատ՝ 5675 ձայն ստացողն է: Այսինքն՝ «Ծառուկյան» դաշինքից այդ ընտրատարածքից հենց նա պետք է պատգամավոր դառնա:
Արագածոտնի մարզում այդ դաշինքից ձայներով երկրորդ տեղը զբաղեցնում է պատգամավոր Լյովա խաչատրյանը, ով ստացել է նրանից փոքր ինչ քիչ՝ 5323 ձայն: Հետաքրքիր է, որ Հ. Հարությունյանի հրապարակած ցանկում Լ. Խաչատրյանի անունն էլ կա: Այսինքն՝ նա էլ է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Արագածոտնում՝ ձայներով երրորդ տեղում ռեյտինգային թեկնածու Նորա Առուստամյանն է, որը Գ. Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանի աղջիկն է: Եվ չի բացառվում, որ թիվ 7 ընտրատարածքից առաջատար Խ. Մանուկյանի և Լ. Խաչատրյանի անունից նման դիմումներ են ներկայացվել, որ մանդատը ստանա Ն. Առուստամյանը: «Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկների դիմումների վերաբերյալ դեռ պարզաբանումներ չեն եղել:
Իսկ մենք ներկայացնենք Խ. Մանուկյանի հետ մեր կարճ հարցազրույցը:
– Այդ դեպքում, ինչպե՞ս է հնարավոր, որ Ձեր փոխարեն և Ձեր անունից ԿԸՀ նման դիմում ներկայացվի, որից դուք տեղյակ չեք:
– Նորից եմ ասում՝ ես այդ մասին հենց նոր լսեցի, և տեղյակ չեմ, թե ինչ է եղել:
– Օրեր առաջ «Ժամանակ» թերթը հրապարակել էր «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ ռեյտինգային թեկնածուի՝ Նապոլեոն Ազիզյանի ինքնաբացարկի դիմումը, որը կնքված էր նոտարի կնիքով: Դուք նման կնքված դիմում չե՞ք ներկայացրել դաշինքին:
-Ոչ, ինչ եք ասում, ես նման բան չեմ արել, և տեղյակ էլ չեմ նման դիմումներից: Ես ոչ ԿԸՀ եմ գնացել, ոչ էլ նման թեմայով խոսել եմ որևէ մեկի հետ:
– Իսկ առանց Ձեզ ինչպե՞ս է հնարավոր՝ Ձեր անունից ինքնաբացարկի դիմում ներկայացնել:
– Հետաքրքիր բան եք ասում, նորից եմ ասում, ես ոչ արել եմ նման բան, ոչ էլ տեսել եմ:
– Իսկ հիմա, երբ տեղեկացաք այդ մասին, ի՞նչ եք անելու: Փորձելո՞ւ եք դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանից պարզել, թե Ձեր անունից ինչպես է ԿԸՀ նման դիմում ներկայացվել:
– Ինչ պարզելու բան կա, օրենքով չի՞ այդ ամենը: Եթե օրենքով է՝ ինչ ասեմ հիմա:
– Դուք Ձեր մանդատը վերցնելո՞ւ եք և գնալո՞ւ եք Ազգային ժողով:
– Որ տան, կվերցնեմ, հիմա դուք բան ասացիք, ես կասկածեցի: ԿԸՀ-ն չի՞ տալիս մանդատը:
– Իսկ Գ. Ծառուկյանը Ձեզ երբևէ առաջարկե՞լ է ինքնաբացարկի դիմում գրել:
– Ոչ, նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե դա ինչ թյուրիմացություն է: