Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում մեկնարկած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումն ուղեկցվում է բողոքի ակցիայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը հայտնեց, որ դատարանի դիմաց են հավաքվել և' հայեր, և' թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաների են հսկում պիկետի մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:
Երևանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնակարգի' հաջորդիվ ելույթներ կունենան Շվեյցարիայի' որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:
Հայկական կողմից հանդես կգան Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը' Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ էր ուղարկել մինչև մարտի 17-ը: Օգոստոսի 25-ին Հայաստանը հայտ ներկայացրեց մասնակցելու դատավարությանը: Դատավարությանը մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Թուրքիան:
Շվեյցարիան առաջին պետությունն է, որ քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը' մարդկության դեմ կատարած հանցանքը հերքողների համար սահմանելով ազատազրկում և դրամական տուգանք: Հետագայում Շվեյցարիայի օրինակին հետևեցին նաև Սլովակիան և Հունաստանը: Այդ երկրներում նույնպես Հայոց ցեղասպանության հերքումը պատժվում է քրեորեն: