Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում Թուրքիայի ՆԳՆ հետախուզական վարչության պետ Սաբրի Ուզունը խոստովանել է, որ փորձ է արվել պոլսահայ խմբագրի սպանությունը թաքցնել արդարադատությունից, ինչի համար հանցագործության մասին ապացույցները ոչնչացվել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, այս մասին թուրք նախկին պաշտոնյան հայտնել է Դինքի սպանության գործով որպես «կասկածյալ» մայիսի 8-ին Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Յուսուֆ Դողանի կողմից 8 ժամ տեւած հարցաքննության ենթարկվելու ժամանակ, որի վերաբերյալ 11-էջանոց արձանագրությունը կցվել է Դինքի դատական գործին:

 

Նա հայտարարել է, որ Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները ոստիկանության որոշ պաշտոնյաներ իրենից թաքցրել են: Նրա խոսքով, դա արել է այն ժամանակ հետախուզական վարչության C բաժնի տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրա խոսքով, հետախուզության գործակալ Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքի նկատմամբ մահափորձ է պատրաստվում, իրենից թաքցվել է, եւ ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա: Սաբրի Ուզունը հարցաքննության ժամանակ հայտնել է բոլոր այ ն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի սպանությունը նախապատրաստվելու մասին:

 

Թուրք նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները միտումնավոր ջնջվել են: «Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի վերաբերյալ ապացույցները ոչնչացվել են», -խոստովանել է նա:

 

Թուրքիայի Սահմանադրական դատարանը հաստատել է երկրի Վճռաբեկ դատարանի ավելի վաղ ընդունած վճիռը, որով որոշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության գործը արդյունավետ չի հետաքննվել, դատական մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվել նրա ընթացքի մասին, եւ այդ պատճառով ընտանիքի իրավունքները խախտվել են: ՍԴ-ն Թուրքիայի դատախազությանը պարտավորեցրել է նոր հետաքննություն անցկացնել Հրանտ Դինքի սպանության գործով:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանություն իրագործած Օգյուն Սամասթին' հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ' 22,5 տարվա ազատազրկման:

 

Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» կազմակեր պության անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել էր Ստամբուլի ծանր հանցագործությունների 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ: