Թուրքական մամուլում հրապարակվել է Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելի եւ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Մեհմեթ Աղարի միասին լուսանկարը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber կայքը, լրագրող Մուսա Քեչերի' Twitter-ում տեղադրած' Էրհան Թունջելի լուսանկարի տակ գրված է. «1999թ., Մեհմեթ Աղար-Էրհան Թունջել…»:

 

 

Մեհմեթ Աղարը 1999 թվականի ապրիլի 18-ի ընտրություններում, որպես անկախ թեկնածու, պատգամավոր էր ընտրվել Էլազիղից: Էլազիղցի Էրհան Թունջելը Աղարի հետ միասին լուսանկարվել է ընտրական աշխատանքների ժամանակաշրջանում:

 

 

Տրապիզոնի տեխնիկական համալսարանի ուսանող Էրհան Թունջելը միաժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի գործակալ էր' «հետախուզության օգնական մասնագետ կադր»: Նա մեծ դերակատարություն էր ունեցել Թուրքիայի «Մեծ միասնություն» ազգայնական կուսակցության (BBP) այսպես կոչված «Ալփերենի օջախներ» կազմակերպության Տրապիզոնի բաժանմունքի ստեղծման գործում:

 

 

Ավելի վաղ մի դատական գործով անցնող Յասին Հայալի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 24-ին Տրապիզոնի McDonald's սրճարանի վրա նետած ռումբը հենց նա էր պատրաստել: Իրականում նա այդ ռմբահարման դեպքի հետ կապված պետք է դատվեր որպես կասկածյալ, սակայն, 2004 թվականի հոկտեմբերի 31-ին Յասին Հայալի ձերբակալությունից երկու շաբաթ հետո' 2004 թվականի նոյեմբերի 17-ին, նա նշանակվեց հետախուզության կադր' «Մեհմեթ Քուրթ» ծածկանունով: Ինչպես նրան ազատեցին Հրանտ Դինքի սպանության գործով «մտահղացված սպանություն» մեղադրանքից, այնպես էլ անհասկանալի մի ձեւակերպումով նա ազատ արձակվեց ռմբահարման այդ դեպքի հետ կապված նախատեսվոած 10 տարի 6 ամիս ժամկետով դատապարտման պատժից:

 

 

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվող «Մեծ եղբայր» մականունով հայտնի Էրհան Թունջելն առաջին անգամ ձերբակալվել էր 2007թ. հունվարի 26-ին: Ձգձգված դատավարություններից հետո' 2012 թ. հունվարի 17-ին, դատարանը որոշում էր կայացրել, որ Դինքի դատավարությունում կազմակերպված հանցախումբ չկա, և ազատ էր արձակել Թունջելին: Հետագայում, սակայն, 2013 թ. սեպտեմբերի 17-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունները քննող դատարանը Վճռաբեկ դատարանի ընդունած որոշման հիման վրա Թունջելին դարձյալ կալանավորելու որոշում էր ընդունել: Սակայն, Թուրքիայի հրեական օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն, որով կալանավորման ժամկետը մինչեւ դատավարությունը 10 տարուց նվազեցվել էր 5 տարի, Թունջելի դեպքում այդ ժամկետը լրանալու հիմնավորմամբ, նրան ազատել են արձակել:

 

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: Դատարանի

2012 թվականի հունվարի 17-ի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու որոշումներ են ընդունվել: