Թուրքիայի խորհրդարանում 59 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը եւ Ստամբուլից ընտրված պատգամավոր Գարո Փայլանը պահանջել են, որ երկրի խորհրդարանը քննություն իրականացնի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով imctv.com.tr կայքը, խորհրդարան ներկայացրած առաջարկության մեջ նրանք նշել են, որ Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքում ազդեցիկ եւ արդյունավետ քննություն չանցկացվելու պատճառով արդեն 9 տարի է' հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, սպանության մեջ դերակատարություն ունեցած խոր կապերը բացահայտված չեն, չի ուսումնասիրվել սպանությունից առաջ նրան թիրախ դարձրած մամուլի կառույցների դերակատարությունը, նրանց դեմ քննություն չի անցկացվել:

 

 

«Հրանտ Դինքի սպանությունից հետո արդարադատության համակարգում առաջացած խնդիրները մեծ վերք են թողել Թուրքիայի կառավարության խղճի վրա: Պաշտոնյաներն էլ դեռ շարունակում են պաշտոնավարել: Իսկ այդ պաշտոնյաների ամբողջական պատասխանատվությունն ի հայտ բերած, նրանց դեմ մեղադրական եզրակացություն կազմած եւ դատական գործ բացած դատախազը 11.01.2016-ին հեռացվել է գործի քննությունից եւ տեղափոխվել այլ աշխատանքի, ինչն ավելի է մեծացնում Հրանտ Դինքի դեմ հանցագործության բացահայտման ուղղությամբ կասկածները», -նշել են նրանք:

 

 

Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը դատախազ Քյոքչույին հանձնարարվել էր 2014 թվականի դեկտեմբերին: Նա մեղադրական եզրակացություն էր պատրաստել Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության նախկին տնօրեն Ջալալեթին Ջեռահի, հետախուզական վարչության նախկին պետ Սաբրի Ուզունի, Տրապիզոնի անվտանգության նախկին տնօրեն Ռեշաթ Ալթայի եւ հետախուզական վարչության ղեկավար Էնգին Դինչի հետ ևս մոտ երկուսուկես տասնյակ պետական պաշտոնյաների վերաբերյալ: Մեղադրական եզրակացությունը Գլխավոր դատախազության կողմից երկու անգամ վերադարձվել էր նրան՝ դրանցում առկա «թերությունների» հիմնավորմամբ:

 

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում էր կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին պետք է առաջադրվեր «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ էին ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ: