Թուրքիայի գլխավոր քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP) հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում նվազագույն 10 տոկոսանոց շեմը հաղթահարելու համար դաշինք է կազմել Եվրոպայի ալեւիական միությունների համադաշնության հետ եւս:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքի կայքը, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանում 35 պատգամավորներ ունեցող միակ քրդական HDP-ի համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը:
«Մենք համաձայնություն ենք ձեռք բերել այն մասին, որ թուրքաբնակ ալեւիների հետ միասին HDP-ի ցուցակով պատգամավորության թեկնածու կառաջադրվի նաեւ Եվրոպայի ալեւիական միությունների համադաշնության նախագահ Թուրգութ Օքերը»,- ասել է նա:
Քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիայի ալեւիական կազմակերպություններից HDP-ի ցուցակում ընդգրկվել են եւս երկու թեկնածուներ; Այսպիսով' առաջիկա խորհրդարանական ընտրություններում HDP-ի ցուցակով պատգամավորության թեկնածու կառաջադրվեն երեք անձինք, որոնք, հնարավոր է' հայտնվեն Թուրքիայի խորհրդարանում:
Դեմիրթաշի խոսքով' խորհրդարանական ընտրությունների շեմին դա HDP-ի հետ երրորդ դաշինքն է: «Երկրորդ դաշինքը HDP-ը կնքել է Աշխատանքի կուսակցության հետ, իսկ առաջին դաշինքը' Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններից որոշ կուսակցությունների եւ կազմակերպությունների հետ», - նշել է Դեմիրթաշը:
HDP-ի համանախագահն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունից կառաջադրվեն ծագումով հայ թեկնածուներ եւս: