Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում միանձնյա կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ քանակի պատգամավորական տեղեր չստացած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ և վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն շարունակում է կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ խորհրդարան անցած կուսակցությունների հետ բանակցությունները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական HaberTurk լրատվական կայքը, Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ: Հանդիպումից հետո վերջինս հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը չի կարող կոալիցիա կազմել իշխող ԱԶԿ-ի հետ՝ «Թուրքիայի ապագայի հարցում տեսակետների խիստ տարբերության» պատճառով:

 

 

Դավութօղլուն նույն օրը հանդիպել է նաև խորհրդարանում զբաղեցրած պատգամավորական աթոռների թվով երկրորդը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Այդ հանդիպումից հետո Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ կոալիցիայի համար իրենց առաջադրած 14 սկզբունքներից միայն 4-ի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ: Նա նշել է, որ պատրաստ են ԱԶԿ-ի հետ շարունակել կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները:

 

 

Բահչելին էլ հավելել է, որ եթե ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիան տեղի չունենա, ապա իրենք կարող են այդ հարցի շուրջ շարունակել ԱԶԿ-ի հետ բանակցությունները:

 

 

Այսօր Դավութօղլուն կոալիցիայի շուրջ բանակցություններ է սկսել Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Սալահեթդին Դեմիրթաշի հետ: Հանդիպումը հիմնականում նվիրված է քրդական խնդրի դեմոկրատական լուծման գործընթացի քննարկմանը, որը սկսվել էր 2009 թվականին և մինչ այժմ որևէ առաջընթաց չի ունեցել՝ ԱԶԿ-ի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարվելու պատճառով:

 

 

Այդ հանդիպումներից առաջ Դավութօղլուն ԶԼՄ-ներին հայտնել է, որ «աշխատելու են, որպեսզի որևէ դուռ չփակվի», և շարունակելու են կուսակցությունների բանակցությունները, քանի դեռ որևէ մեկի հետ կոալիցիայի շուրջ համաձայնության չեն եկել և արձանագրություն չեն ստորագրել: