Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Կարսի քաղաքապետ է ընտրվել «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ) թեկնածու Մուրթազա Քարաչանթան: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Մուրթազա Քարաչանթան ազգությամբ ադրբեջանցի է: Նա եղել է Կարսի ադրբեջանցիների մշակույթի կենտրոնի ղեկավարը:
«Նա Ադրբեջանի հետ կապված մի շարք մշակութային միջոցառումներ է կազմակերպել: Կարսը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի համար, քանի որ գտնվում է Հայաստանի հետ անմիջական հարեւանությամբ: Մուրթազա Քարաչանթան եղել է այն մարդկանցից մեկը, ով ժամանակին դեմ է հանդես եկել Կարսում հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանի կառուցմանը», -նշում է թերթը:
Կարսում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող «Մարդկության հուշարձան»-ը կառուցվել էր 2007-ին: Այն ապամոնտաժվել է 2012-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հանձնարարությամբ:
Թուրքական կայքը հայտնում է, որ Վանում քաղաքապետ է ընտրվել քրդական «խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ) թեկնածու Բեքիր Քայան: Նշվում է, որ Իգդիրում քաղաքապետի ընտրություններում եւս հաղթանակել է ԽԺԿ թեկնածուն: