«Մենք հարյուր տոկոսով համոզված ենք, որ առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահի մեր թեկնածուն լինելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանը»: Այս մասին «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը' խոսելով օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուի մասին:
Նա ընդգծել է, որ ԱԶԿ-ի անդամների հիմնական մասը երկրի նախագահի պաշտոնում տեսնում է կուսակցության առաջնորդ, Թուրքիայի ներկայիս վարչապետ Էրդողանին:
«12 տարվա հաջող աշխատանքից հետո վարչապետն արժանի է նախագահական պաշտոնին», -ասել է նա' նշելով, թե իրենք ցանկանում են, որ հենց Էրդողանը դառնա նախագահ, որին առաջին անգամ պետք է ընտրի ժողովուրդը:
Նա նշել է, որ մամուլն էլ, ժողովուրդն էլ գիտեն, որ նախագահ կդառնա նա, ում կառաջադրի ԱԶԿ-ը: «Դա կասկածից վեր է եւ չարժե անհանգստանալ այդ առնչությամբ», -հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը: