Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրված Սելահեթդին Դեմիրթաշը, ով ազգությամբ զազա քուրդ է, հանդիպում է ունեցել հայ, ասորի, հույն եւ հրեա համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հանդիպման ժամանակ Դեմիրթաշն ասել է, որ եթե Թուրքիայում մահմեդականը հրեային չի կ արողանում «եղբայր» անվանել, թուրքը չի կարողանում հային, ասորուն, ալեւիին «եղբայր» կոչել, ուրեմն այդ երկրում գնալով կյանքն ավելի բարդանալու է:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ նախագահի թեկնածուի հանդիպումը մամուլի համար փակ է եղել: Հանդիպումից հետո Սալահեթդին Դեմիրթաշը լրագրողներին հայտնել է, որ թեեւ իրենց միջեւ ինքնության եւ կրոնական տարբերություններ կան, սակայն հանդիպման մասնակիցների հետ խոսելու շատ թեմաներ են եղել, օրինակ' համատեղ կյանքը, ազատությունները, ժողովրդավարությունն ու եղբայրությունը:
«Դա ինձ համար չափազանց ուսանելի, օգտակար եւ ուսուցողական հանդիպում էր», -խոստովանել է Թուրքիայի նախագահի թեկնածուն:-