Թուրքիայի նախագահի թեկնածու, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ազգությամբ քուրդ համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշը Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնություն կատարած այցից հետո խստորեն քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակից, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանն ահաբեկչական չճանաչելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Դեմիրթաշը քննադատել է Էրդողանի վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ նշել, որ Թուրքիայի վարչապետը պաշտոնավարման տարիներին մեծ սխալներ է կատարել արտաքին քաղաքականության մեջ:
«Էրդողանն Իրաքում եւ Սիրիայում գլուխներ կտրող ԻԼԻՊ-ին ահաբեկչական չի ճանաչում, իսկ հաց գնելու գնալու ճանապարհին սպանված երեխային ահաբեկիչ է անվանում: Նա գլուխ կտրողներից խնդրում է ներողամիտ լինել խաղաղ բնակչության հանդեպ' քաջություն չունենալով պահանջել դա, այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի մարտիկները կտրած գլուխներով գնդակ են խաղում եւ ցուցադրում դա համացանցում», -ասել է նա:
Դեմիրթաշն ասել է, որ Էրդողանի կատարած բոլոր սխալները ժողովուրդը հիշելու է ընտրությունների ժամանակ:
«Ինչպե՞ս է, որ Էրդողանը ԻԼԻՊ-ին «ահաբեկչական խմբավորում» չի անվանում, իսկ Գեզիի իրադարձությունների ժամանակ սպանված անզեն Բերքին Էլվանին, Ալի Իսմայիլ Քորքմազին «ահաբեկիչ» է ասում: Հենց սա է արտաքին քաղաքականության մեջ զրոյացած նրա վարկանիշի պատճառը», -ասել է Դեմիրթաշը: