Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) համանախագահ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Սալահեթդին Դեմիրթաշը առաջիկայում այդ երկրում տեղի ունենալիք նախագահական ընտրություններում առաջադրվել է նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Սալահեթդին Դեմիրթաշն իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտնել է թուրքական HaberTurk հեռուստաալիքի ուղիղ եթերում: Նա ասել է, որ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունը HDP-ը պաշտոնապես կհայտարարի շաբաթվա վերջին: Քուրդ առաջնորդը վստահություն է հայտնել, որ ընտրություններում իր թեկնածությունը կպաշտպանի նաեւ Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) ընտրախավի մի մասը, ինչը Թուրքիայում որպես սենսացիա է ընդունվել:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Թուրքիայի ապագա նախագահի պաշտոնում ընտրվելու համար որպես թեկնածուներ շրջանառվում են երկրի վարչապետ Էրդողանի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուի, իզմիրցի ինժեներ Բուրհան Էրոլի, կին դասախոս Ուլվիե Քաֆալը Օլգունի եւ կին պրոֆեսոր Բուշրա Էրսանլըի անունները: