Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուն լինելու է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այս մասին Շահինը հայտարարել է Շաբանոզու շրջանում քաղաքապետի կրկնական ընտրության հետ կապված ունեցած ելույթում:

 

Նա ասել է, որ նախագահի թեկնածուի հետ կապված վերջին օրերին որոշակի քննարկումներ եւ խոսքուզրույցների ճանապարհ բացող լուրեր են շրջանառվում, եւ որոշվել է վերջ դնել բոլոր այդ կարծիքներին: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր թեկնածուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Գտնում ենք, որ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Էրդողանը մասնակցելու է նաեւ կուսակցության 2015 թ. խորհրդարանական ընտրություններին: Արդյունքում, փոփոխություն կատարելով երկրի Սահմանադրության մեջ, նախագահի լիազորություններն ավելացվելու են: Այսպիսով, Է րդողանն իր սիրելի ազգին ծառայելու է մինչեւ 2023 թվականը», -հայտարարել է ԱԶԿ փոխնախագահը:

 

Էրդողանի' Թուրքիայի ապագա նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հետաքրքրիր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը: «Ինչքա՞ն կարելի է հարցնել նախագահի' իշխող կուսակցության թեկնածուի մասին: Ակնհայտ է, որ ընտրություններում նա կստանա ձայների 90 տոկոսից ավելին: Անգամ խուլ սուլթանն է լսել մեր թեկնածուի մասին», -հայտարարել է Արինչը' պատասխանելով Թուրքիայի նախագահի համար ԱԶԿ-ի թեկնածուի մասին թուրքական ԶԼՄ-ների հարցին: Նա հեգնական խորհուրդ է տվել առաջատար ընդդիմադիր կուսակցություններին ժամանակ չկորցնել թեկնածուների որոնումների վրա, այլ քվեարկել իշխող կուսակցության թեկնածուի օգտին:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ. օգոստոսի 10-ին: