Նախաձեռնող խումբը Աբխազիայի նախկին առաջին փոխվարչապետ Բեսլան Էշբին առաջադրել է հանրապետության նախագահի թեկնածու:

 

Հունիսի 25-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր առաջին նախաձեռնող խմբին, որը հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարիային:

 

Աբխազիայում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրող կուսակցությունների եւ նախաձեռնող խմբերի գրանցման, ինչպես նաեւ պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների առաջադրման գործընթացը: Այն կշարունակվի մինչեւ հուլիսի 14-ը: Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին՝ կապված ընդդիմության պահանջով հունիսի 1-ին նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ:

 

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախաձեռնող խմբերը եւ այն վեց կուսակցությունները, որոնք հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված են ընտրությունների նշանակված ամսաթվից հինգ ամիս առաջ: Դրանք են՝ Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը, «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը», Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը, Աբխազիայի կոմունիստական կուսակցությունը, «Ամցախարան» եւ «Միասնական Աբխազիան»:

 

Աբխազիայի սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահ է ընտրվում երկրի՝ ազգությամբ աբխազ քաղաքացին, որն ունի 35-ից բարձր եւ 65-ից ցածր տարիք, օգտվում Է ընտրական իրավունքից եւ տիրապետում է աբխազերենին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: