Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում (ԱԺՄՖ) կուսակցությունն իր առաջնորդ Ռաուլ Խաջիմբային նախագահի թեկնածու է առաջադրել հանրապետության ղեկավարի՝ օգոստոսի 24-ին կայանալիք վաղաժամկետ ընտրություններում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Խաջիմբայի թեկնածությունը միաձայն հավանության է արժանացել ԱԺՄՖ-ի՝ Սուխումում անցկացված համագումարում: Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Աբխազիայի նախագահի և փոխնախագահի թեկնածուների առաջադրման մասին»:

 

Աբխազիայի քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, որի մեջ մտնում է ԱԺՄՖ-ն, հունիսի 17-ին հանձնարարական որոշում է ընդունել Խաջիմբային նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

 

56-ամյա Խաջիմբան 2005-2009 թվականներին նախագահ Սերգեյ Բաղապշի օրոք զբաղեցրել է Աբխազիայի փոխնախագահի պաշտոնը:

 

Նա տարբեր տարիների զբաղեցրել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության նախագահի, առաջին փոխվարչապետի, պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնները: Երեք անգամ՝ 2004-2005, 2009 և 2011 թվականներին, Խաջիմբան տանուլ է տվել հանրապետության նախագահի ընտրությունները՝ երկու անգամ զիջելով Բաղապշին և մեկ անգամ՝ Անկվաբին:

 

Աբխազիայի նախագահի վաղաժամկետ ընտրությունները նշանակված են օգոստոսի 24-ին՝ կապված ընդդիմության պահանջով հունիսի 1-ին հանրապետության նախկին ղեկավար Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ:

 

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 14-ը հանրապետությունում ընթանում է նախաձեռնող խմբերի, կուսակցությունների գրանցումը, ինչպես նաև նախագահի թեկնածուների առաջադրումը: