ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կրկին փոշմանել է և ընտրությունները հետաձգելու համար դեռ Սահմանադրական դատարան չի դիմի: Երեկ օրվա ընթացքում նա մի քանի անգամ փոխեց իր այդ որոշումը, իսկ օրվա վերջում ԱԻՄ արտաքին կապերի պատասխանատու Կարո Եղնուկյանը տեղեկացրեց, թե մինչև կիրակի չեն դիմելու: Նրանք դիմել են ՍԴ և տեղեկացել են, որ կիրակի օրն էլ կարող են դիմում ներկայացնել: Եղնուկյանի խոսքերով, եթե մինչև կիրակի Պ. Հայրիկյանի ցավերը չանցնեն, միգուցեև դիմեն: Բժիշկներն այժմ նրան ցավազրկող են ներարկում և թույլ չեն տալիս հիվանդանոցից գնալ:
Եթե երեկվա ընթացքում Հայրիկյանը մի քանի անգամ է որոշումը փոխել, ապա փետրվարի 1-ից՝ իր վրա կատարված մահափորձի հաջորդ օրվանից, նա բազմաթիվ անգամ է փոխել ՍԴ դիմել-չդիմելու որոշումը: Մեկ ասում էր, որ ստիպված է դիմել և 2 շաբաթով հետաձգել, քանի որ ի վիճակի չէ քարոզարշավ անցկացնել: Մեկ էլ ասում էր, որ լավ է զգում, դիմելու կարիք չկա, և որ հիվանդանոցում պառկած լավ էլ լուսաբանվում է: Մի խոսքով, Հայրիկյանն իր այդ ոչ կայուն վարքագծով նյարդայնացնում է թեկնածուներից հատկապես Սերժ Սարգսյանին, քանի որ հենց նրան ձեռնտու չէ ընտրությունները հետաձգելը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է անկանխատեսելի զարգացումներ լինեն:
Ինչ վերաբերում է Հայրիկյանին, քաղաքական շրջանակներում արդեն կատակում են, թե' «իշխանությունները նրա պահանջի կատարումն ուշացնում են կամ էլ ոչ բոլոր պահանջներն են համաձայն կատարել»: Դրա համար էլ թեկնածուն գնալով կամակոր է դառնում: Ինչ վերաբերում է պահանջին, ապա ասում են, որ նա թե գումար է ակնկալում, թե պաշտոն:
Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա խորհրդարանական ընտրություններին Պարույր Հայրիկյանը ցանկացել է Հանրապետական ցուցակով պատգամավոր դառնալ: Հիշեցնենք, որ նա ինչ-որ ծրագիր էր ներկայացնում ու հայտարարում, թե որ կուսակցությունը կընդունի այն, նրան էլ կպաշտպանի, և եթե Ս. Սարգսյանն ընդունի, կպաշտպանի ՀՀԿ-ին: Հենց այդ ժամանակ էլ Հայրիկյանը ցանկացել է մտնել ՀՀԿ ցուցակ և դառնալ պատգամավոր: Այնպես, ինչպես արեցին Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանն ու Խոսրով Հարությունյանը: Սակայն Սերժ Սարգսյանը դա չի արել՝ հավանաբար մտածելով, որ նրան կխաղարկի նախագահական ընտրություններին, որպեսզի ծայրահեղ դեպքում իր համար մրցակցություն ապահովի: Ինչը և արել է, բայց հավանաբար լավի չի պատկերացրել, թե ինչ կամակոր մրցակցի հետ գործ ունի:
Հիմա ողջ հայ քաղաքական դաշտը սպասում է, թե ինչ կանի Պարույր Հայրիկյանը՝ ՍԴ կդիմի՞, թե՞ չի դիմի: Կամ' ի վերջո, ի՞նչ է նրա ուզածը: Ինքը' Պարույր Հայրիկյանը, լավ է ըմբռնել պահի կարևորությունը, որ միգուցե ընտրությունների ելքը, միգուցե և քաղաքական իրադարձությունների զարգացումն իր այդ որոշումից է կախված, և սկսել է խաղալ: Այս դեպքում հետաքրքիր է, թե որքան կդիմանան մյուս թեկնածուների նյարդերը: Հատկապես Սերժ Սարգսյանի նյարդերը, ով Պարույր Հայրիկյանին որպես մրցակից թեկնածու վեր հանեց քաղաքական փլատակներից:
Այսօր էլ Պարույր Հայրիկյանը Facebook-ի իր էջում հանդես է եկել բաց նամակով, որտեղ առաջարկել է մեկ միասնական թեկնածուով հանդես գալ առաջիկա նախագահական ընտրություններին: Այսօր այցելելով Անդրիաս Ղուկասյանին՝ նրան առաջարկել է դադարեցնել հացադուլը և միանալ այսօր իր տարածած հայտարարությանը: Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իր բաց նամակը ուղղված է ոչ միայն Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ նաև մյուս թեկնածուներին: Նա նաև ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը բաց նամակի վերաբերյալ չգիտի, իսկ Հրանտ Բագրատյանին, ով ասել է բաց նամակի պահանջը ուշացած է, Հայրիկյանը ասում է, որ 14 օր չհետաձգելու ժամանակը ուշ չէ, կարելի է քվեաթերթիկները նորից տպել: Նա նաև ասել է, որ նշեց, որ ոչ մի զինվորականի չեն հարցնում ինչու աջ գնացիր, հետո ձախ, պարզապես վերջում ասում են, որ հասկացան՝ ինչու այդպես արեցիր: Ըստ նրա՝ եթե միասին աշխատեն, այս օրերին քարոզարշավ իրականացնեն՝ իրենց ձայները կհասնեն 80 տոկոսի: