Գալիք նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հաղթանակը, ըստ իրեն, կախված է այն բանից, թե որքանով ողջախոհությունը Հայաստանում տիրապետող կդառնա։ «Իսկ հաղթելու մասին խոսք չի կարող լինել, որովհետև ես ո՞ւմ պիտի հաղթեմ, նրա՞նց, որոնց ես ուզում եմ օգտակար լինե՞լ։ Նրանց ես չեմ հաղթում, օգնում եմ դառնալ իմ գաղափարակիցը»,- Tert.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ նախագահը և, որպես օրինակ, հիշատակեց լեհ աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսին, ով տիեզերքի արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության հեղինակն է։ «Կոպեռնիկոսը քանի՞ տոկոս ձայն ստացավ, բայց նա մինչև վերջ գնաց, որովհետև վերևում՝ Աստված, ներքևում՝ ճշմարտությունը, մնացածը իմ որակի հարցը չէ, մնացածը հանրային ընկալման հարց է»,– ասաց նա։
Հայրիկյանի կարծիքով, նախորդ խորհրդարանական ընտրությունների խոսքի ազատությունը ցույց է տվել, որ դրանով ինքը կարող է գոնե այն մարդկանց, ովքեր պատկերացում ունեն ինքնորոշման մասին, հասցնել այն, որ հայ իրականության մեջ ինքնորոշման կարևորագույն գաղափարի հետ ծանոթացնող մարդուն հիմա նույնպես հնարավորություն տան ինքնորոշումը գործող սկզբունք դարձնել։ «Մեր պատմությունը ցույց է տվել, որ իմ հաղթանակը եղել է բոլորի հաղթանակը, իմ հաջողությունը եղել է բոլորի հաջողությունը։ Բոլոր գիտակից մարդկանց համար ակնհայտ է իրողությունը, որ ունեն ազգային-քաղաքական գործիչ, որը ամենաանհուսալի պայմաններում կարողացել է հայ ժողովրդի համար կարևոր գաղափարներ ասպարեզ իջեցնել, հետո դրանք դարձնել ժողովրդի սեփականությունը»,– ասաց նա՝ նշելով, որ բոլորի համար ակնհայտ է՝ քանի որ ինքն իշխանական լծակների չի տիրապետել, ուրիշների միջոցով իրականացված իր գաղափարները միշտ չէ, որ լավագույն արդյունավետությամբ են իրականացվել։
Ըստ Հայրիկյանի՝ հիմա եկել է այդ հնարավորության պահը. այն մարդը, ով արդեն ապացուցել է, որ նվիրված է իր գաղափարներին անմնացորդ և առանց անձնական ակնկալիքների, այդ մարդը մնում է շարունակելու իր սկսած գործը՝ համակարգային փոփոխությունների միջոցով օգնել մարդկանց լինել երկրի տերը։ Իսկ այն մարդիկ, որոնք որպես մրցակից ասպարեզ են եկել, նրանք էլ կամ կընդունեն վերջինիս գաղափարները և կդառնան իր դաշնակիցը, կամ էլ ավելի առաջ կգնան՝ այս փուլում կաջակցեն իրեն, և միասին կհաղթեն ու կհասնեն հաջողության։ «Եթե մեր ժողովուրդը որևէ հարցում հաջողության չի հասնում, ապա ժամանակ է կորցնում, իսկ ժամանակի կորուստը, երբեմն, նաև կործանարար է լինում, և ես չէի ցանկանա, որ մենք մասնակից լինենք այդպիսի գործընթացների»,– ասաց Հայրիկյանը՝ վստահեցնելով, որ ինքը չի պարտվելու, պատվելու են նրանք, որոնց համար իր նպատակները պետք է ծառայեն։
Հայրիկյանի խոսքով՝ աթոռ փախցնելը դեռ հաղթանակ չէ, և բոլոր ժամանակներում էլ կարող է հաղթանակ տանել գաղափարը. «Եթե ինչ–որ մեկը մտածում է, որ իր պարանոցի կամ դրամապանակի հաստությամբ հարցեր է լուծում, ի վերջո, նա հասկանում է, որ այդ դրամապանակը իմաստ ունի այն ժամանակ, երբ ծառայում է գաղափարին։ Եթե չկա գաղափար, անէանում են և՛ հաստ պարանոցները, և՛ հաստ դրամապանակները»։
Հարցին, թե արդյոք գալիք նախագահական ընտրությունները անիմաստ բնույթ կունենան, Հայրիկյանը պատասխանեց. «Եթե ինչ–որ մարդիկ այդպես են կարծում, ապա դա քարոզչական լավ կազմակերպված աշխատանքի դրսևորում է։ Հիմա դուք կարո՞ղ եք ասել ազգային ինչ–որ գաղափար, որը կապված է Սերժ Սարգսյանի անվան հետ։ Չեք կարող։ Բայց Հայրիկյանի հետ կապված կարող եք բազմաթիվ գաղափարներ նշել, որոնք անմիջականորեն կապված են Հայրիկյանի անվան հետ»։
Վերջինիս հավաստմամբ՝ հիմա խոսքի ազատության պայմաններում ինքը կարող է մարդկանց իրազեկել, իսկ չափի զգացողությունը կորցրած մարդկանց վերադարձնել ճիշտ պատկերացումների դաշտ, և քանի որ իր խոսքը արդարության մասին է, ամեն մարդ կիմանա իր տեղն ու անելիքը։