Tert.am - Սեպտեմբերի 14-ին կայանալու է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Tert.am զրուցել է առաջադրված թեկնածուներից 81-ամյա Աշոտ Թադևոսյանի հետ:
- Քանի տարի է, որ զբաղվում եք փաստաբանական գործունեությամբ:
- 300 տարի (ծիծաղում է):
- Այդքան շա՞տ:
- Իհարկե, դե քեզ ասեմ ազիզ ջան, 23 տարի դատավոր եմ աշխատել, 25 տարի փաստաբան եմ աշխատել, 10 տարի էլ իրավաբանական կոնսուլտացիայի տնօրեն եմ եղել:
- Կներեք իհարկե, որ հարցնում եմ, դուք քանի՞ տարեկան եք պարոն Թադևոսյան:
- Ութսունմեկ տարեկան եմ: Քսանութ տարեկանից դատավոր եմ աշխատել, որից 15 տարին Լենինյան դատարանում, 10 տարի Օրջոնիկիձեի դատարանում նախագահ եմ եղել դատարանի, որից հետո անցել եմ փաստաբանական աշխատանքի, էդ արանքում էլ Մաշտոցի շրջանը նոր բացվել էր, նոր շրջկոմ և այլն, ստեղծվեց կոնսուլտացիա, աշխատել եմ այնտեղ 10 տարի, մինչև ստեղծվեց փաստաբանների պալատը:
- Թոշակային տարիքը չի ազդու՞մ փաստաբանի գործունեության վրա:
- Չէ, չէ, ոնց որ դերասանների վրա չի ազդում, էնպես էլ փաստաբանների: Ես ստանում եմ 420 դոլար թոշակ, եթե թոշակի գնայի դատավորի պաշտոնից՝ կստանայի 1000 դոլար: Ես 56 տարեկանից դատավորությունից դուրս եկա, թոշակի գնացի փաստաբանից, դրա համար էլ շարքային թոշակ եմ ստանում: Փաստաբանին տարիք չկա, քանի դեռ առողջ է, ոտն ու ձեռը տեղն են, թեկուզ լինի 90 տարեկան, եթե ուզում է աշխատել, կարողանում է աշխատել՝ կաշխատի: Հասկացա՞ք … դե հիմա անցեք ձեր բուն հարցերին, ինչի համար որ զանգել եք:
- Շնորհակալություն հիշեցման համար: Ձեր թույլտվությամբ ես կտամ իմ հաջորդ հարցը: Դուք ձեր թեկնածությունն եք առաջադրել Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում: Ինչպիսի՞ բարեփոխումներ եք պատրաստվում իրականացնել ընտրվելու դեպքում:
- Նախ իմ փորձը պիտի փոխանցեմ երիտասարդ կադրերին: Ես բանասեր եմ նաև: Ասեմ, որ բանասերի կրթությունը շատ պետք է փաստաբանի համար, ոչ մեկը փաստաբաններից բանասիրական կրթություն չունի, ես ունեմ բարձրագույն բանասիրական կրթություն: Ես ինքս գրում եմ բանաստեղծություններ, ստեղծագործում եմ, բազմաթիվ ժուռնալների հոդվածներ եմ ուղարկել, որ տպագրվել են: Դատավոր տարիներիս ժուռնալիստների միության անդամ եմ եղել, ինչքան դատ եմ լսել՝ մեծ մասը թերթին եմ հանձնել՝ «Ավանգարդ», «Երևան» և այլն:
Ես Պարույր Սևակի սիրտը պահող Աշոտ Թադևոսյանն եմ: Քառասուներկու տարի եղել եմ Պարույր Սևակի մտերիմը, և ապրում եմ նրա պոեզիայով: Գիրք եմ գրել 400 էջանոց՝ «իմ Պարույրը», ես պարույրապաշտ եմ:
- Իսկ գուցե Գրողների միության նախագահի պաշտոնու՞մ առաջադրվեիք, պարոն Թադևոսյան: Ասում են դուք շատ պոետիկ անձնավորություն եք, սիրում եք Պարույր Սևակի պոեզիան, հիմա էլ ասում եք, որ ստեղծագործում եք երկար տարիներ:
- Չէ, բալիկ ջան, ինչ գրողների միության նախագահ: Մի գրքով գրողների միության նախագահ չեն դառնում: Ես գրողների միության նախագահին դիմում եմ գրել, կիսատ է, առավոտը պիտի լրացնեմ տանեմ, մտնեմ Լևոն Անանյանի մոտ ու ասեմ, ընկեր Անանյան, բա կարելի՞ է, բա 42 տարի Պարույր Սևակի սրտի մասին մի ակնարկ չեք անում, մի անգամ չեք կանչում՝ ասեք արի խոսենք, դնենք-վերցնենք, տեսնենք ինչ պիտի անենք:
- Լավ Պարոն Թադևոսյան, դա հասկացանք, իսկ ինչպիսի՞ բարեփոխումներ եք պատրաստվում իրականացնել, եթե ընտրվեք Փաստաբանների պալատի նախագահ։
– Հիմա Ձեր հարցին կոնկրետ պատասխանեմ, եթե ես ընտրվեմ ամենից առաջ պիտի այնպես անեմ, որ երիտասարդ փաստաբանները գրագետ աշխատեն: Փաստաբանների մեծ մասը երիտասարդ է, ավագ սերունդը մատերի վրա կարելի է հաշվել, ուրեմն նրանց օգնել է պետք, որովհետև սկսնակ փաստաբանը փորձառու դատավորի դեմ միշտ խնդիրներ է ունենում: Երկու–երեք տարվա փաստաբանը չի կարող դատարանում բավարար ճառ ասել և պաշտպանել իր վստահորդին: Ես հատկապես շեշտը դրել եմ դրա վրա:
Պետք է սիստեմատիկ հավաքներ կազմակերպեմ երիտասարդ փաստաբանների հետ, գնամ նրանց ճառերը լսեմ: Եթե նախագահության նիստ է լինում, ամեն անգամ 10-15 երիտասարդ փաստաբանների պիտի ներգրավեմ, որ մասնակցեն, տեղյակ լինեն քննարկվող հարցերին: Փաստաբան դառնում են առնվազն 10 տարուց ոչ շուտ: Բա երիտասարդ փաստաբանի հետ ավագ սերունդը պիտի աշխատի, պիտի իր փորձառությունը փոխանցի: Հինգ հարյուրի մոտ երիտասարդ փաստաբաններ կան, մեկ-երկու տարվա փորձ ունեն և իմ նպատակն է, որ երիտասարդ փաստաբանը փաստաբան դառնա: Էս հարցը Պալատի գորդյան հանգույցն է: Երիտասարդ փաստաբանների հեղեղ է: Պատկերացնո՞ւմ եք, 1400 գրանցված փաստաբան կա, ախր էս ինչ թիվ է՜, էս բոլորը պիտի ապրե՜ն, էս բոլորը գործ պիտի ունենա՜ն, փաստաբանների մի մասը գրասենյակ ունի, մի մասը նստելու տեղ չունի, սրանք հարցեր են, որ պիտի Պալատը լուծի, որովհետև փաստաբանը սոված է մնում, եթե իր գրասենյակի դուռը հազարից մեկն է բացում:
Հատուկ սեմինարներ եմ անցկացնելու երիտասարդ փաստաբանների համար: Հատուկ պետք է ծանոթանամ փաստաբանների կենցաղային պայմաններին: Շատ կարևոր է, երբ դու հետաքրքրվում ես մարդկանցով, երբ Պալատի նախագահն հետաքրքրվում է իր փաստաբանով, նրա ապրելակերպով, ի վերջո դիմացինն էլ շոյվում է այդ ուշադրությունից:
Պարույր Սևակն ասում է. «Ես ճանաչում եմ, լավ գիտեմ մարդուն, ինչեր ասես չկա նրա փակ սրտում», իսկ Դոստոևսկին ասել է. «Մարդը գաղտնիք է»:
- Ես կարծում եմ՝ գաղտնիք չէ և Դուք մեզ կասեք, թե ինչպես եք այս ընտրություններում գնահատում Ձեր շանսերը, պարոն Թադևոսյան: Կընտրվե՞ք, ինչ եք կարծում:
- Չէ, չեմ ընտրվի, կարելի է ասել ես քիչ հույսեր ունեմ, որովհետև մյուս թեկնածուները երիտասարդներ են, իսկ ես տարիքով ավագ եմ և ինձ հնարավոր է, որ շատ երիտասարդներ չճանաչեն ու չընտրեն: Դա է խնդիրը: