ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին փորձել են սպանել: Երեկ երեկոյան այս տեղեկությունը կայծակի պես տարածվեց ողջ Հայաստանով, և ոչ միայն. մահափորձի մասին գրեցին այնպիսի լրատվական գիգանտներ, ինչպիսիք են al Jaziran, Reuters-ը, սակայն տեղեկության տարածման արագությունը բացարձակապես չնպաստեց համապատասխան մարմինների կողմից իրականացվող գործողությունների արագացմանը հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ:
Բազմիցս Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող 02 հաղորդաշարի ընթացքում ականատեսն ենք եղել այն բանի, որ ռեպորտաժները սկսվում են այսպիսի արտահայտությամբ՝ հենց նույն օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց հանցագործը։ Սակայն սա այդ դեպքը չէ, և դա հասկանալի է հենց սկզբից, չնայած մահափորձը բավականին պարզունակ ձևով է իրականացվել, անգամ հանցագործը կրակել է 2 անգամ՝ ըստ տուժածի, սակայն թիրախին 1 կրոկոցն է հասել. սա խոսում է այն մասին, որ մահափորձը նախապես չի ծրագրվել, և որ դրա պատրաստման համար երկար ժամանակ չի ծախսվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցն արձակվել է անգամ նագան տեսակի հրազենից, հանցագործը կրակելիս կանգնած է եղել Պարույր Հայրիկյանի դեմ դիմաց, և ոչ ոք նրան չի խանգարել ուղիղ կրակոց կատարել։ Այս ամենից հետևություն՝ հանցագործը հստակ կատարել է պատվեր, բայց ոչ սպանելու, ընդամենը այս նախագահական ընտրություններին շարմ հաղորդելու համար, որքան էլ որ ցավալի լինի այն, որ մահափորձն իրականացվել է Պարույր Հայրիկյանի նման մարդու նկատմամբ:
Ի՞նչ էր հետապնդում այս միջադեպը.
Այստեղ կարող է լինել մի քանի տարբերակ՝ հարցին ուղղակի լուծում տալու համար:
Առաջինը՝ հանցագործին շուտափույթ հայտնաբերելու և պատժելու տարբերակը, որը ոչ միայն Հայաստանի ժողովրդին, այլև միջազգային հանրությանը ցույց կտա, թե ինչ պարզությամբ ու ինչ գրագիտությամբ են աշխատում իշխանությունները, և որ մեր երկրում հանցագործությունը պատժելի է։ Սա հնարավորություն կտա քողարկել մինչև այսօր իրականացված բոլոր սպանություններն ու դրանց անպատժելիությունը մեր երկրում՝ ի նկատի ունենալով պաշտոնյայի սպանության վերջին դեպքը՝ 2009-ի փետրվարի 3-ի սպանությունը, երբ կրկին սեփական տան շքամուտքում սպանվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը: Այս սպանությունը ևս բացահայտված չէ:
Երկրորդ տարբերակ. նախագահական ընտրությունները ստվերելու միտում. այս վարկածին հակված են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր վստահ են՝ այս ընտրությունները աննախադեպ պետք է լինեին իրենց թափանցիկությամբ ու ժողովրդավարությամբ, այսինքն՝ պատրվիրատուն այս պարագայում կարող է լինել ուժ, որը, անկարող լինելով բացահայտ դեմ գնալ այս իշխանություններին, ստիպված դիմում է նմանատիպ քայլերի՝ այն վարկաբեկելու համար:
Տարբերակ երրորդ՝ ընտրությունների հետաձգում, քանի որ ՀՀ սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»:
Իսկ ինչո՞ւ հետաձգել ընտրությունները. այս հարցին ևս կա պատասխան, այն է՝ այս մի քանի օրերի ընթացքում եղան մի շարք դեպքեր, որոնք ժողովրդի աչքում նախագահի նկատմամբ ոչ բարյացակամ տրամադրություն ձևավորեցին, հետևաբար այդ 15 օրերն առաջին հերթին կարող են մոռացության տալ այդ ամենը, երկրորդ՝ այդ 15 օրերի ընթացքում կարվի այն, ինչ չի արվել այս ընթացքում, այսինքն՝ գործի կդրվեն բոլոր տեսակի քարոզչամեքենաները:
Այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների ընթացքն այսուհետև կախված է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից:
Շուտափույթ առողջացում Պարույր Հայրիկյանին և պայքարի ուժ՝ ընտրություններում առաջ գնալու համար: Հուսանք՝ ինչ պարագայում էլ կատարված լինի հանցագործությունը, մեղավորը պատժվելու է օրենքի ողջ խստությամբ:
Գևորգ Ավետիսյան