Օրերս ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձին արձագանքեցին նաև վտարանդի հայ գրողները, ովքեր իրենց կողմից ուղարկված բաց նամակում մասնավորապես նշում էին, որ Հայրիկյանի դեմ կատարվածը տեղի ունեցավ ճիշտ այն պահին, երբ նա գործնական քայլեր էր ձեռնարկում աքսորական հայ գրողների հայրենիք վերադարձն ապահովելու համար: Հայաստանից աքսորված գրողներից ոմանք արդեն իսկ պատրաստվում էին վերադառնալ՝ նրանց պաշտպանության համար ոչինչ չխնայելու Հայրիկյանի խոստման ապավինելով:

Հայրիկյանը վերջին շաբաթներին մոտիկից ծանոթանում էր նրանց խնդրին և խոստաացել էր աքսորական հայ գրողների խնդիրը միանգամից լուծել նախագահ ընտրվելու դեպքում ու երաշխավորել հայ գրողների անվտանգ վերադարձը հայրենիք' մասնակցելու ապագա Հայաստանի կերտման գործընթացներին: Նա միակն էր նախագահի բոլոր թեկնածուների մեջ, որ համապատասխան լրջությամբ վերաբերվեց աքսորական հայ գրողների խնդրին:

Lurer.com-ը թատերագետ Լևոն Մութաֆյանից հետաքրքրվեց' արդյոք ճանաչում է վտարանդի հայ գրողներին, ի՞նչ գործունեություն են նրանք ծավալել հայրենիքում, և ինչո՞ւ են իրենց անվանում վտարանդի: Մեր հարցերին ի պատասխան' թատերագետն ասաց.

Անկեղծ ասած, մեծ զարմանք ապրեցի՝ կարդալով «վտարանդի հայ գրողների» մասին: Շա՜տ վաղուց այս հասկացությունը չի եղել մեր գրականության պատմության մեջ, քանզի վտարանդի հասկացությունը միայն ու միայն կապակցվեց քաղաքական դրդապատճառներով հայրենիքը թողած և օտար ափերում հանգրվաններ հյուսած անուններին, մասնավորաբար' Ավետիս Ահարոնյանին, Նիկոլ Աղբալյանին, Լևոն Շանթին, ովքեր, ճշմարիտ հայրենասերներ լինելով, միաժամանակ հանդիսանալով ՀՅԴ նշանավոր գործիչներ' չընդունեցին խորհրդային իրականությունը, ոմանք նաև հոգու խորքում դատապարտեցին իրենց այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ 1920-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Գտնվելով Հայաստանից հեռու' նրանք ահռելի ներբերում ունեցան հայրենի մշակույթի, հայագիտության, կրթության կազմակերպմանը: Հիմնեցին ու ղեկավարեցին կրթական հաստատություններ, կազմեցին դասագրքեր, որոնք մինչև այսօր չեն կորցրել իրենց արդիականությունն ու նշանակությունը:

Մի պահ վտարանդիի կարգավիճակում էր նաև Ավետիք Իսահակյանը, ով, սակայն, վերադարձավ Խորհրդային Հայաստան և ծավալեց մի նոր գործունեություն: Սփյուռքի տարբեր հատվածներում ապրել ու ստեղծագործել են հայ գրողներ՝ Համաստեղ, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկյան, այլք, ովքեր ունեցել են գաղափարական հակամարտություններ սովետահայ իրականության հետ, սակայն իրենց վտարանդիներ չեն համարել, որովհետև երբեք չեն եղել Հայաստանում:

Անկախության հռչակման նախօրյակին կամ դրանից հետո Հայաստանից հեռացան Ստեփան Ալաջաջյանը, Կարեն Ա Սիմոնյանը, Ռուբեն Ավետիսյանը, Գարուշ Հարյանցը, ուրիշներ: Նրանք, որքան տեղյակ եմ, երբեք իրենց վտարանդի չեն համարել կամ չէին կարող այդպիսին կոչվել, քանզի նրանց հեռացումը չէր եղել բռնի պայմաններում: Ոմանք, իհարկե, ունեցել են ինչ-ինչ գաղափարական հակասություններ, սակայն հրապարակային քաղաքականության մեջ երբեք սուր հակասություններ չեն եղել նրանց և գործող իշխանությունների միջև: Գուցե Կարեն Ա Սիմոնյանը, Ռուբեն Ավետիսյանը և էլի մեկ-երկուսն ե՞ն իրենց վտարանդի համարում: Չեմ կարող հաստատել սա այն պարզ պատճառով, որ նրանց առջև խոչընդոտներ չկան, չկան հալածանքներ, կարող են ցանկացած պահ վերադառնալ Հայաստան և շարունակել իրենց ներկայությունը հայ գրականության ընթացքի մեջ:

Թերևս, միակ աքսորյալ գրող կարող է համարվել Վանո Սիրադեղյանը, ով հեռացել է երկրից քրեական հետապնդումների հետևանքով: Ինձ զարմացնում է, որ «աքսորական հայ գրողներն» իրենց անունները չեն հրապարակում, իրենց մասին տեղեկություններ չեն հրապարակում: Միայն այդ դեպքում հնարավոր կլիներ սկզբունքային գնահատական տալ և արժևորումների մասին մտածել…

Նելլի Ավետիսյան