Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան Սամվել Միրզոյանը, լսելով Tert.am-ի' սեպտեմբերի 14-ին կայանալիք փաստաբանական պալատի նախագահի ընտրություններին թեկնածուի կարգավիճակով իր մասնակցության վերաբերյալ հարցը, կարճ պատասխանեց. «Դա ինկոգնիտո է»:
Հետո նեղսրտելով, որ իրեն «խոսեցնում են», նշեց, որ դեռ ժամանակ ունի մտածելու՝ առաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ: «Բայց դեռ վերջնական որոշում իմ կողմից կայացած չի, զանգահարեք ամսի 22-ին, կասեմ»,- զրույցն ամփոփեց փաստաբանը:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 14-ին: Օգոստոսի 17-ից մինչև 22-ը փաստաբանական պալատի անդամները պետք է ապագա նախագահի թեկնածության առաջադրումներ կատարեն: Այս պահին շրջանառվող թեկնածուներից նշվում են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանի և փաստաբան Կրոմվել Գրիգորյանի անունները:
Արա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել է պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Իր ընտրությունը պ-ն Սահակյանը բացատրեց թեկնածուի ունեցած արժանիքներով:
«Նա 7 տարի շարունակ եղել է պալատի նախագահի տեղակալ, տեղյակ է պալատի բոլոր անցուդարձերից: Նա մասնակցել է պալատի բոլոր իրավական ակտերի ստեղծմանը և շատ պատրաստված, գրագետ, կազմակերպված անձնավորություն է: Զոհրաբյանն այն անձն է, ով կարող է ավելի առաջ տանել պալատը և նպաստել փաստաբանական ինստիտուտի զարգացմանը»,- իր ընտրությունը բացատրեց Ռուբեն Սահակյանը:
Մենք փորձեցինք կապվել Արա Զոհրաբյանի հետ, սակայն բոլոր փորձերը ապարդյուն անցան: Այնուամենայնիվ, ընտրությունները դեռ առջևում են և Փաստաբանների պալատի նախագահի ֆավորիտ թեկնածուի հետ մինչև առաջադրման ավարտը դեռ կհաջողվի զրուցել:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ: Ռուբեն Սահակյանն արդեն 2 անգամ ընտրվել է այս պաշտոնում, և օրենքն արգելում է նրան 3-րդ անգամ մասնակցել ընտրություններին:
Ինչ վերաբերում է փորձառու փաստաբան Կրոմվել Գրիգորյանին, ապա նա մարտ ամսին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններում ձախողվել էր: Նրան չէր հաջողվել դառնալ խորհրդի անդամ՝ չստանալով բավարար քանակի ձայներ: Առաջիկա ընտրությունների հետ կապված պատասխանելով Tert.am-ի հարցին՝ Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ինքը առաջադրվելու ցանկություն ունի և մինչև օգոստոսի 22-ը դեռ ժամանակ կա մտածելու այդ ուղղությամբ: Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրություններին հաղթելու իր շանսերը, փաստաբանը պատասխանեց. «Եթե այս ընթացքում նորմալ աշխատեմ, ապա շանսերն էլ պիտի, որ մեծ լինեն հաղթելու: Հավանաբար, երեքշաբթի օրը առաջադրման դիմումը ներկայացնեմ»: