Աբխազիայում սկսվում է նախագահի թեկնածուների առաջադրող կուսակցությունների եւ նախաձեռնող խմբերի գրանցման, ինչպես նաեւ պետության բարձրագույն պաշտոնի հավակնորդների առաջադրման գործընթացը: Այն կշարունակվի մինչեւ հուլիսի 14-ը: Աբխազիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 24-ին՝ կապված ընդդիմության պահանջով հունիսի 1-ին նախագահ Ալեքսանդր Անկվաբի պաշտոնաթողության հետ:

 

Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն նախաձեռնող խմբերը եւ վեց կուսակցություն, որոնք հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված են ընտրությունների նշանակված ամսաթվից հինգ ամիս առաջ: Դրանք են՝ Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը, «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորումը», Աբխազիայի ժողովրդական կուսակցությունը, Աբխազիայի կոմունիստական կուսակցությունը, «Ամցախարան» եւ «Միասնական Աբխազիան»:

 

Դեռ մինչեւ նախընտրական արշավի սկսվելը հայտնի են դարձել նախագահի պաշտոնի երկու թեկնածուների անունները: Հունիսի 17-ին քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների Համակարգող խորհրդում միավորված ընդդիմությունը որոշում է ընդունել իր ղեկավարներից մեկին՝ Ռաուլ Խաջիմբային, նախագահի թեկնածու առաջադրելու մասին:

 

Նույն օրը իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է Աբխազիայի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Զապշբան, որը գլխավորում է «Աբխազիայի համաքաղաքացիական միություն- հանուն օրինականության, կայունության եւ ժողովրդավարության» հասարակական միավորումը:

 

Աբխազիայի սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահ է ընտրվում երկրի՝ ազգությամբ աբխազ քաղաքացին, որն ունի 35-ից բարձր եւ 65-ից ցածր տարիք, օգտվում Է ընտրական իրավունքից եւ տիրապետում է աբխազերենին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: