Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցել է ևս երեք թեկնածուի. այդպիսով թեկնածուների թիվը հասել է 7-ի: Ինչպես փոխանցում ենադրբեջանական ԶԼՄ-ները, մարտի 10-ի նիստում Ադրբեջանի ԿԸՀ-ն որպես թեկնածու գրանցել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Ֆարաջ Գուլիևին, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունից Հաֆիզ Հաջիևին և «Ազգային ճակատ»-ից Ռազի Նուրգուլաևին:    

 

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 11-ին: Ավելի վաղ ԿԸՀ-ն հաստատել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջի, «Սոցիալական ժողովրդավարություն»-ից Արազ Ալիզադեի և Ադրբեջանի ազգային միասնական ճակատից Հուդրաթ Հասանգուլիևի թեկնածությունները:

Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, մասնավորապես, «Ազգային խորհուրդ»-ը, «Ժողովրդական ճակատ»-ը և «Մուսավաթ»-ը հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է մարտի 19-ին և ավարտվելու է ապրիլի 10-ին: