Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան նախնական տվյալներով հաղթում է Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ընտրողների քվեների 50,57 տոկոսը: Այս մասին օգոստոսի 25-ին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Բատալ Տաբագուային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ընտրությունների արդյունքներով՝ որոնք տեղի են ունեցել օգոստոսի 24-ին, ամենից շատ քվեներ հավաքել է Խաջիմբա Ռաուլը՝ 50 հազար 494 ձայն, ինչը կազմում է 50,57 տոկոսը»,- ասել է ԿԸՀ-ի ղեկավարը:
Աբխազիայի օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթող է դառնում այն թեկնածուն, որը հավաքում է քվեների 50 տոկոսը՝ գումարած մեկ քվե: Այսպիսով, Խաջիմբան դառնում է հանրապետության նախագահ:
Խաջիմբայի անմիջական մրցակիցը՝ Աբխազիայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ասլան Բժանիան հավաքել է քվեների 35,91 տոկոսը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Կիշմարայի օգտին քվեարկել է ընտրողների 6,4 տոկոսը, ներքին գործերի նախարարության նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբայի օգտին՝ 3,4 տոկոսը: Բոլոր թեկնածուների դեմ քվեարկել է ընտրողների 1,8 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 70 տոկոսը: