Ամերիկացի ռեփեր, այժմ նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Քանյե Ուեսթը Forbes-ին տված իր հարցազրույցում խոստովանել է, որ իրատեսական չէ ԱՄՆ 2020 թվականի նախագահի ընտրություններում իր հաղթանակը։ Լրագրողի հարցադրմանը, թե ԱՄՆ բազմաթիվ նահանգներում ընտրություններին մասնակցելու ընթացակարգն ավարտված է, և Քանյե կարող է չհասցնել անհրաժեշտ քանակով ստորագրություններ հավաքել ու նոյեմբերի 3-ին մասնակցել ընտրություններին, Քանյեն պարզապես պատասխանել է․ «Ես ձեզ հետ չեմ վիճի»։ Նա նաև ընդունել է, որ ինքը ընտրություններում կարող է միայն «գողանալ» աֆրոամերիկացիների սիրելի Ջո Բայդենի ձայները, և ոչ ավելին։ Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը արդեն մի քանի անգամ հասցրել է առաջադրվել և ապա հեռացնել ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցության իր հայտը։ Ինչպես տեսնում ենք, այս հարցի շուրջ ռեփերը դարձյալ երկմտում է։