«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.
«1890-1915 թվականներին իրագործված ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան 1,5 միլիոն հայի կյանք, փորձ էր կոտրել մեր ժողովրդի ողնաշարը, բայց թուրք դահիճներին դա չհաջողվեց․ հայերը վերապրեցին և ստեղծեցին հզոր Սփյուռք ու հզոր Հայաստան: Սակայն այսօր մեր երկիրը ծանր օրեր է ապրում․ մեզ երկու կողմից սպառնում և ճնշում է առավել հզորացած թուրք-ադրբեջանական տանդեմը։ Չնայած դրան՝ մենք հաղթահարելու ենք այս ամենը մեր միասնականության, մեր Սփյուռքի հզորության և մեր ժողովրդի գիտակցության և կամքի շնորհիվ։ Եվ որպեսզի լինի Վերածնունդ, մենք պետք է միասնական և ամենօրյա պայքար մղենք հանուն՝
Հզոր բանակ ունենալու,
Ժողովրդի բարեկեցության,
Երիտասարդ սերնդի արժանապատիվ ապագայի,
Հայաստանն առավել հզոր դարձնելու։
Մենք միասնաբար պետք է ստեղծենք՝
Մրցունակ կրթական համակարգ,
Որակյալ առողջապահական համակարգ,
Ժողովրդի վստահությունը վայելող արդարադատության համակարգ,
Հայաստան-Սփյուռք ամուր և անխափան կապ,
Միջավայր, որտեղ հայը կարող է ապրել, արարել և հզորանալ
Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, պետք է պատրաստվենք միասնական պայքարի՝ հանուն Հայրենիքի փրկության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության և հանուն հզորացող Հայաստանի»: