Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) վերջնականորեն հստակություն է մտցրել առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածուի շուրջ:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը Ստամբուլում լրագրողներին հայտարարել է, որ ԱԶԿ-ը հուլիսի 1-ին երկրի վարչապետ եւ կուսակցության առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանին պաշտոնապես կհայտարարի նախագահի թեկնածու:
«Եթե որեւէ խոչընդոտ չառաջանա, ապա հուլիսի 1-ին կհայտարարվի վարչապետի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար: Դա մեր կուսակցության բոլոր անդամների ցանկությունն է: Միայն մի բան է մնացել պարզել, դա էլ այս հարցում մեր վարչապետի համաձայնությունն է», -ասել է նա: