Թուրքիայում 2019 թվականի մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Ստամբուլի քաղաքապետ կառաջադրի նախկին վարչապետ, մեջլիսի խոսնակ Բինալի Յըլդըրըմին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Յըլդըրըմը 2016-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի վարչապետի պաշտոնը: 2018 թվականին, երբ երկիրը խորհրդարանական ընտրություններից հետո անցում կատարեց նախագահական կառավարման համակարգի և սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ երկրում վերացվեց վարչապետի պաշտոնը, Բինալի Յըլդըրըմն ընտրվեց մեջլիսի խոսնակի պաշտոնում: