Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյի աջ Ժողովրդական կուսակցությունը հաղթանակ է տարել հունիսի 26-ին Իսպանիայում կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում՝ չստանալով բացարձակ մեծամասնություն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

 

Նախնական տվյալներով՝ Ժողովրդական կուսակցությունը 137 մանդատ է ստացել 350-տեղանոց Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ)՝ հավաքելով ձայների 32 տոկոսը: Երկրորդ տեղն զբաղեցրել են սոցիալիստները: Նոր խորհրդարանում նրանք կունենան 85 մանդատ՝ հինգով պակաս, քան ներկայիս խորհրդարանում:

 

71 մանդատով երրորդ տեղն զբաղեցրել է «Միավորվելով՝ կարող ենք» ձախ նախընտրական դաշինքը, որը բաղկացած է Podemos եւ «Միավորված ձախեր» կուսակցություններից, խորհրդարանում 32 տեղ բաժին է հասել «Քաղաքացիներ» հայրենասիրական կուսակցությանը:

 

Ինչպես նշվում է, վաղաժամկետ ընտրությունները հստակություն չմտցրին կառավարության ձեւավորման հարցում, քանի որ Ժողովրդական կուսակցությունը չի կարողանա դա անել նույնիսկ կենտրոնամետների հետ կոալիցիա ստեղծելու դեպքում: Ընդսմին ձախ կոալիցիան միավորվելու դեպքում նույնպես անհրաժեշտ մեծամասնություն չի ստանա:

 

Մինչդեռ Ժողովրդական կուսակցության առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Մարիանո Ռախոյը հայտարարել է ընտրություններում հաղթելու մասին՝ խոստանալով հունիսի 27-ից բանակցություններ սկսել կոալիցիայի շուրջ: «Իսպանական հասարակությունը վստահություն է ցուցաբերել մեր կուսակցությանը, դա դժվար էր, բայց մենք կռիվ տվեցինք Իսպանիայի եւ իսպանացիների համար՝ ոչ ոքի չպարտադրելով մեր կամքը, պայքարելով միայն հանուն իսպանացիների ընդհանուր շահերի: Մենք այն կուսակցությունն ենք, որի համար առանցքային են իսպանացիների շահերը, եւ մեր կուսակցությունն արժանի է հարգանքի»,- ընդգծել է Ռախոյը:

 

Պատգամավորների կոնգրեսի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 20-ին: Դրանց արդյունքում չորս հիմնական քաղաքական ուժերին չհաջողվեց համաձայնության գալ եւ հաստատել վարչապետին, ինչից հետո հունիսի 26-ին նշանակվել էին վաղաժամկետ ընտրություններ: