Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Կենտրոն» ընդդիմադիր կուսակցությունը, որը գլխավորում է Յուհա Սիպիլյան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Դեպի Եվրամիություն եւ ՆԱՏՕ կողմնորոշված ներկայիս իշխող Ազգային կոալիցիայի ղեկավարը՝ գործող վարչապետ Ալեքսանդր Ստուբն, ընդունել է պարտությունը: «Ես ցանկանում եմ հենց այստեղ շնորհավորել Յուհա Սիպիլյային»,- ասել է Ստուբը եւ սեղմել իր մրցակցի ձեռքը:

 

Նախնական տվյալներով՝ 200-տեղանոց խորհրդարանում կենտրոնամետները կստանան 46 տեղ, Ստուբի եւ սոցիալ-դեմոկրատների կոալիցիան՝ 37-ական տեղ: Չորրորդ տեղում եվրոսկեպտիկների «Իսկական ֆիններ» կուսակցությունն է, որը կստանա 35 տեղ:

 

Սիպիլյայի խոսքով՝ այս արդյունքը կոալիցիայի ձեւավորման մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս: