«Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» (ՔԲԵԶ) ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը հաղթում է հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Բուլղարիայի ԿԸՀ-ի կայքին, ընդամենը երկրի օրենսդիր մարմին՝ Ժողովրդական ժողով է անցնում ութ կուսակցություն:
Ըստ նախնական արդյունքների՝ ՔԲԵԶ-ի օգտին, որը գլխավորում է Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը, քվեարկել է ընտրողների 33,6 տոկոսը: 16,1 տոկոս ձայներով երկրորդ տեղում է իշխող Բուլղարիայի սոցիալիստական կուսակցությունը:
Խորհրդարան են անցնում նաև թուրքական փոքրամասնության և մուսուլմանների շահերը ներկայացնող Հանուն իրավունքի և ազատության շարժումը (11,8 տոկոս), Բարենորոգչական դաշինքը (8,5 տոկոս), Հայրենասիրական ճակատը (7,5 տոկոս), «Բուլղարիան առանց գրաքննության» կազմակերպությունը (6 տոկոս), ազգայնական «Ատակա»-ն (5 տոկոս) և «Այլընտրանք հանուն Բուլղարիայի վերածննդի» կոալիցիան (4,6 տոկոս):
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Սոցկուսակցության նախագահ Միխայիլ Միկովն արդեն ընդունել է ընտրությունների արդյունքները և ՔԲԵԶ-ին շնորհավորել հաղթանակի առթիվ:
Ժողովրդական ժողովի կայացած ընտրությունները երկրորդ վաղաժամկետ ընտրություններն են երկու տարուց պակաս ժամանակահատվածում: Բուլղարիայի խորհրդարանն ունի 240 տեղ: Կանխատեսումների համաձայն՝ պահպանողականները կարող են այնտեղ զբաղեցնել 88-89 աթոռ: