Իշխող Ռեֆորմիստական կուսակցությունը հաղթանակ է տարել Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 27,7 տոկոսը, ինչը համապատասխանում է 30 մանդատի 101-տեղանոց խորհրդարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրի Հանրապետական ընտրական հանձնաժողովում:
24,8 տոկոս ձայներով (27 մանդատ) երկրորդ տեղը գրավել է Կենտրոնամետ կուսակցությունը, երրորդ տեղում ներկայիս իշխող կոալիցիայի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 15,2 տոկոս ձայներով (15 մանդատ), որին հաջորդում են «Հայրենիքի միություն եւ հանրապետություն» կուսակցությունը՝ 13,7 տոկոս (14), Ազատ կուսակցությունը՝ 8,7 տոկոս (8) եւ Պահպանողական ժողովրդական կուսակցությունը՝ 8,1 տոկոս (7):
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,7 տոկոս: Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ խորհրդարանի 101 տեղին հավակնում էր 872 թեկնածու: Ընտրություններին մասնակցել են տասը կուսակցություններ եւ 11 անկախ թեկնածուներ:
Մարտի 1-ին կայացած ընտրություններում Տալլինի քաղաքագլուխ, ընդդիմադիր Կենտրոնամետ կուսակցության առաջնորդ Էդգար Սավիսաարը ռեկորդային թվով ձայներ է հավաքել: Ըստ նախնական տվյալների՝ նրա օգտին քվեարկել է 25,07 հազար ընտրողներ: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Սավիսաարին, երբ նա 2011 թվականի նախորդ մունիցիպալ ընտրություններում հավաքեց 23 հազար ձայն: