«Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մարտի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է քվեների 82,15 տոկոսը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) նախագահ Կուանդիկ Տուրգանկուլովը:

 

ԿՀԸ-ի նախնական տվյալներով՝ Ղազախստանի Կոմունիստական ժողովրդական կուսակցությունն (ՂԿԺԿ) ստացել է ձայների 7,14 տոկոսը, «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») դեմոկրատական կուսակցությունը՝ 7,18 տոկոսը, «Բիռլիք» («Միասնություն») կուսակցությունը՝ 0,29 տոկոսը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 1,18 տոկոսը, «Աուիլ» («Գյուղ») ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը՝ 2 տոկոսը:

 

«Այսպիսով, «Նուր Օթան», «Ակ ժոլ», ՂԿԺԿ կուսակցությունները հաղթահարել են յոթտոկոսանոց արգելքը, ինչը նրանց թույլ է տալիս ներկայացված լինել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսում (ստորին պալատում)»,- հայտարարել է Տուրգանկուլովը:

 

Ավելի վաղ ԿՀԸ-ն հրապարակել է մասնակցության նախնական տվյալները, որը կազմել է ռեկորդային 77,1 տոկոս: Ինչպես հայտնել է Տուրգանկուլովը, հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ վերջանական տվյալները կհրապարակվեն մատի 26-ից ոչ ուշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: