Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կենտրոնամետ կուսակցությունը: Այդ մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարությունը բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո:
«Առաջ, հանրապետություն»-ը հավաքում է ձայների 28,21 տոկոսը: Երկրորդ տեղում է «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցությունը՝ 15,77 տոկոս արդյունքով: Մարին լե Պենի «Ազգային ճակատն» ստանում է ձայների 13,2 տոկոսը: Մակրոնի կուսակցության դաշնակիցը՝ «Դեմոկրատական շարժումը», հավաքում է ձայների 4,11 տոկոսը: Երկու կուսակցությունները միասին կարող են 390-430 տեղ ստանալ խորհրդարանում, գրում է «Le Monde»-ը: Ընդամենը Ֆրանսիայի Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը, ունի 577 տեղ:

 


Ազգային ժողովի ընտրություններն ավանդաբար անցկացվում են երկու փուլով: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 18-ին, այդ օրը ընտրողները քվեարկում են այն ընտրատարածքներում, որտեղ առաջին փուլում ոչ ոք չի հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը: Երկրորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 12,5 տոկոսը:
Ընտրություններին մասնակցոմւթյունը կազմել է շուրջ 51 տոկոս: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը հայտարարել է, որ անցած ընտրությունների համեմատությամբ մասնակցությունն զգալիորեն նվազել է, ինչը վկայում է վստահության ճգնաժամի մասին երկրի քաղաքական կյանքում:

 


Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են մեծամասնական համակարգով, թեկնածուներն ընտրվում են միամանդատ ընտրատարածքներում: Ինչպես նշում է BBC-ն, Մարին լե Պենը հավաքել է անհրաժեշտ թվով ձայներ՝ իր ընտրատարածքում ապահովելով քաղաքացիների 46,02 տոկոսի աջակցությունը: Նրա մերձակա հետապնդողները հետ են մնում մի քանի անգամ:
Լուսանկարը' AFP