Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արեւելյան եւ հարավարեւելյան նահանգներում հաղթանակ է տարել թուրքական խորհրդարանում 35 պատգամավորական աթոռներ զբաղեցնող միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը» (ԽԺԿ): Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ընտրությունների դեռես ոչ պաշտոնական արդյունքներով ԽԺԿ-ը ՏԻՄ ընտրություններում ոչ միայն պահպանել է նախորդ արդյունքները, այլեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ձեռքից խլել է արեւելյան շրջաններում երեք մեծ քաղաքների' Դերսիմի, Բիթլիսի եւ Աղրըի քաղաքապետների պաշտոնները:
98 տոկոս քվեատուփերի տվյալներով' Թուրքիայում ՏԻՄ ընտրություններում 43,7 տոկոս արդյունքով առաջատար է ԱԶԿ-ը: Նրան հետեւում են գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (25,7 տոկոս) եւ ԽԺԿ-ն (4,4 տոկոս):
ԽԺԿ ղեկավարման խորհրդի անդամները հայտարարել էին, որ ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո հանդես են գալու Թուրքիայում քրդական ինքնավարություն հռչակելու նախաձեռնությամբ: