«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ այն մասին, որ Թուրքիայի վարչապետի գլխավորած' իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը մեծ աջակցություն է ցուցաբերել իրենց: Այս մասին ԻԼԻՊ-ի մարտիկը հայտնել է թուրքական «Այդընլըք» թերթի թղթակցի հետ զրույցում:
«Թուրքիան մեզ շատ է աջակցել: Եթե Թուրքիան մեր նկատմամբ ըմբռնողություն չցուցաբերեր, այսօր ԻԼԻՊ-ն այս վիճակում չէր գտնվի: Մեր նկատմամբ հարգանքով վերաբերվեցին, մեր մեծ թվով զինակիցներ բուժվում են Թուրքիայում: Բայց դժվար է ասել, թե ինչ կլինի սրանից հետո»,- ասել է նա:
HaberTurk-ը հայտնում է, որ 3 տարի Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության զինված թեւ «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման մարտիկները հայտարարել են Իրաքում ԻԼԻՊ-ի հետ միավորվելու մասին: ԻԼԻՊ-ի հետ միավորվելու եւ հավատարիմ մնալու մասին նրանք երդում են տվել Սիրիայի հետ Իրաքի սահմանում գտնվող Ալբու Քամալ քաղաքում: Նրանք ԻԼԻՊ-ի մարտիկների հետ միասն վերահսկում են իրաք-սիրիական Ալ Քաիմ եւ Բուքամալ սահմանակետերը, որոնք գտնվում են Դեր Զորի տարածաշրջանում:
Նշվում է, որ երկու ահաբեկչական խմբավորումների միավորվելը նոր լարվածություն է ստեղծելու Սիրիայում կռվող այլ խմբավորումների միջեւ եւ ավելի է ծանրացնելու իրավիճակը տարածաշրջանում: