Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Յոզգաթի գրասենյակի' մեծ աղմուկ բարձրացրած պաստառները հանվել են շենքի վրայից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Յոզգաթի Աքդաղմադեն գավառում կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի նկարը փակցրել էին նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նկարի վրա: Ընդ որում, փոխվել էր միայն դեմքի հատվածը:
Սոցցանցերում հայտնված այս լուսանկարը մեծ աղմուկ էր բարձրացրել: Օգտատերերը դժգոհություն էին հայտնել այն փաստի առնչությամբ, որ կուսակցությունը Դավութօղլուի նկարը հանելու և դրա փոխարեն Յըլդըրըմի նկարը փակցնելու փոխարեն նախընտրել է նախկին նկարի վրա տեղադրել նոր վարչապետի նկարը' այն էլ միայն գլխի հատվածը:
Այս աղմուկից հետո կուսակցության շենքի վրայի պաստառից հանվել էր Յըլդըրըմի գլուխը և այս պահին շարունակում է մնալ նախկին՝ Դավութօղլուի լուսանկարը:
Տեղի տալով բարձրացված աղմուկին' կուսակցության գրասենյակն արդեն ամբողջությամբ հանել է փակցված պաստառները: