Թուրքիայում օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախագահի թեկնածու Սալահեթդին Դեմիրթաշը հայտարարել է, որ թուրքական պետությունը պետք է ներողություն խնդրի հայերից, հույներից եւ հրեաներից' պատմության ընթացքում նրանց պատճառած ցավերի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով korhaber.com լրատվական կայքը, Դեմիրթաշն այդ մասին ասել է Թուրքիայի հայ, ասորի, հույն եւ հրեա համայնքների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Թուրքիայի ազգային-կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք կազմում են Թուրքիայի ընդհանուր բնակչության ընդամենը 0,8 տոկոսը, նախագահի թեկնածուն պատմել է, որ մեծացել է հայկական թաղամասում, եւ մանուկ հասակից ականատես է եղել Թուրքիայում հայերի եւ այլազգիների նկատմամբ դրսեւորվող խտրականություններին: Դեմիրթաշը խեստացել է ոչ մի դեպքում զենք չվերցնել եւ ամեն կերպ պայքարել բռնության դեմ:
«Ուզում եմ ասել, որ այս պետությունը հայերին, հուներին եւ հրեաներին ներողություն հայտնելու «պարտք» ունի: Այս ներողությունը կարեւոր է իմաստային եւ այն առումով, որ երաշխիք է' այս հողերում դարձյալ Ցեղասպանություն չիրագործվելու համար: Մինչեւ սա չլինի, խոսք չի կարող լինել մնայուն խաղաղության մասին: Ներողություն խնդրելու «պարտքը» պետությանն է, ոչ թե թուրք ժողովրդինը», -ասել է Թուրքիայի նախագահի թեկնածուն:
Քրդամետ HDP-ի Թուքիայի նախագահի թեկնածու Դեմիրթաշը, ով ազգությամբ զազա քուրդ է, մինչ թեկնածու առաջադրվելը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ճանաչելու եւ հայ ժողովրդից ներողություն խնդրելու հայտարարություններով: