Արդեն հայտնի է Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջին թեկնածուի անունը: Նա Իզմիրի բնակիչ, մասնագիտությամբ ճարտարագետ, 58-ամյա Բուրհան Էրոլն է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Կայքի հետ զրույցում Բուրհան Էրոլն ասել է, որ որոշել է օգտվել իր սահմանադրական իրավունքից եւ որպես նախագահի թեկնածու առաջադրվել առաջին անգամ Թուրքիայում համաժողովրդական քվերակությամբ անցկացվող նախագահական ընտրություններում:
Թուրքական օրենսդրությամբ' երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրվել Թուրքիայի 40 տարին լրացած քաղաքացին, ով դատվածություն չունի եւ հավաքել է խորհրդարանի նվազագույնը 20 պատգամավորների լիազորող ստորագրությունները: Նա արդեն իր թեկնածության քարտը ներկայացրել է մի շարք պատգամավորների, ինչպես նաեւ իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին:
Բուրհան Էրոլը համոզված է, որ ընտրություններում հաղթելու եւ երկրի նախագահ ընտրվելու մեծ հնարավորություններ ունի: Նրա խոսքով' ժողովուրդը կաջակցի իրեն եւ ինքը կստանա իշխող կուսակցության ձայների առնվազն 15 տոկոսը, իսկ ընդդիմադիր կուսակցությունների' դրանից ավելի տոկոս ձայները:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն ու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հայտարարել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինելու է գործող վարչապետ եւ ԱԶԿ առաջնորդ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաեւ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւելեթ Բահչելին: