Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն արաբա-իսրայելյան հակամարտության հետ կապված հայտարարության համար քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահի թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Նրա խոսքով' Իհսանօղլուն «մոռացել է նախկինում իր գլխավորած կազմակերպության նշանակության մասին, որի նպատակը պաղեստինյան խնդրի լուծումն է»: Նա նաեւ նշել է, որ նրանք, ովքեր Թուրքիային չեզոքության են կոչում արաբա-իսրայելյան հակամարտության հարցում, ակամայից պաշտպանում են պաղեստինյան հողերի օկուպացիան:

 

Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու, ԻՀԿ-ի նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն նախօրեին Անկարային կոչ էր արել չեզոքություն պահպանել արաբա-իսրայելյան հակամարտության հարցում: Իհսանօղլուի խոսքով' Անկարան պետք է չեզոք կողմ լինի արաբա-իսրայելյան հարցում, հատկապես' Պաղեստինի հարցում:

 

Թուրքական գործակալությունը հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ-ի' Իսրայելի հասցեին արած կոշտ հայտարարությունը' կապված իսրայելա-պաղեստինյան նոր լարվածության հետ: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելից պահանջել է դադարեցնել Պաղեստինի Գազայի հատվածի վրա հարձակումները: Հայտարարության մեջ թուրքական ԱԳՆ-ը կոչ է արել նաեւ միջազգային հանրությանը եւ պահանջել կանխել կողմերի միջեւ հակամարտությունը: