Թուրքիայի նախագահի ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելուց հետո իր հասցեին սկսել են սպառնալիքներ տեղալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haber7 լրատվական կայքը:

 

Իհսանօղլուն նշել է, որ նրանք, ովքեր սպառնում են, չեն կարող հասնել իրենց նպատակին:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայում օգոստոսին նշանակված նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության» առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից համարվող Իհսանօղլուին հուլիսի 9-ին թույլ չեն տվել մասնակցել Ռամազան մահմեդական ամսվա կապակցությամբ Էյուփում կազմակերպված իֆթարին (պահքի ճաշ): Ընդդիմության թեկնածուին դեմ մարդիկ արգելափակել են ճանապարհը, որով նա պետք է մոտենար մզկիթի բակում իֆթարի սեղանին: Միջադեպին միջամտել են թեկնածու ի թիկնապահները, որոնք անգամ օդ են կրակել: Տեսնելով, որ միջադեպը կարող է վերածվել բախման, Իհսանօղլուն հեռացել է դեպքի վայրից:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 10-ին: Իհսանօղլուից եւ Էրդողանից բացի, Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածու է առաջադրվել նաեւ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ծագումով քուրդ համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշը: Եթե ոչ մի թեկնածու առաջին փուլում 51 տոկոս ձայներ չհավաքի, ապա օգոսոտսի 24-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: