Սյունիքի 5 համայնքում հունիսի 8-ին անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրություններ: Ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ըստ որոնց, Գորիսի քաղաքապետի երկու թեկնածուից ընտրվել է ՀՀԿ -ից առաջադրված, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի տնօրեն Ադունց Վաչագանը, ով հավաքել է 4 հազար 732 ձայն:

 

Մյուս թեկնածուն' ինքնաառաջադրված անկուսակցական, «ՇԱՆԻ» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը հավաքել է 2 հազար 956 ձայն: Թիվ 37 ԸԸՀ-ի նախագահ Արմեն Ստեփանյանի տեղեկատվությամբ, Գորիսում ընտրելու իրավունք ունեցող 16 հազար 171 ընտրողից իր քաղաքացիական պարտքը կատարել է 8 հազար 212-ը: 510 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Գորիսում քաղաքապետի ընտրություններին հետեւել են 4 դիտորդական առաքելությունների եւ մեկ տասնյակից ավելի ԶԼՄ ներկայացուցիչներ: Քվեարկության վերաբերյալ առայժմ հանձնաժողովը դիմում-բողոքներ չի ստացել:

 

Նույն օրը համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ են անցկացվել Սյունիքի Աճանան, Օխտար, Թանահատ գյուղական համայնքներում: Իսկ Իշխանասարում անցկացվել են համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Ընտրությունների նախնական տվյալներով վերընտրվել են գործող գյուղապետերը' Աճանանում ՀՀԿ-ից առաջադրված Վաչե Ավետիսյանը, Օխտարում' ինքնաառաջադրված, ՀՅԴ անդամ Վաղարշակ Համբարձումյանը, Թանահատում' ՀՀԿ-ից առաջադրված Արսեն Օհանյանը: