Փարաքար խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո երեկ՝ դեկտեմբերի 20-ին, կայացել է ավագանու առաջին նիստը, որից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուները հայտարարել են, որ ընտրվել են համայնքի ղեկավար:

«Դավիթ Մինասյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 

«Փարաքար, Թաիրով, Մերձավան, Արևաշատ, Մուսալեռ, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Պտղունք, գյուղերի սիրելի բնակիչներ,

Այսօր տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրության արդյունքում ձևավորված ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում էր Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության հարցը:

Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար:

Իմ խորհին շնորհակալությունն եմ ուզում հայտել մեր համայնքի բոլոր բնակիչներին և իմ գործընկերներին՝ վստահության համար:

 

Լիահույս եմ, որ բոլոր երեք խմբակցություններին տրված մանդատները կծառայեն հանուն Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմանը:

Ավագանու յուրաքանչյուր անդամ, ով ստացել է բնակչի քվեն՝ ներառված պետք է լինի համայնքի կառավարման գործընթացին:
Միասին շարունակենք»։

Իսկ ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ հայտարարել էր՝ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։